Բժիշկ-գաստրոէնտրոլոգ Մարիաննա Մալխասյանն այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը մի շարք խորհուրդներ տվեց՝ կապված այս օրերին բարձր ջերմաստիճանի պայմաններում ճիշտ սնվելու հետ: Հիմնական խնդիրը, ինչպես բժիշկը նշեց, սննդային թունավորումներն են: Ընդհանուր ախտանշաններն են՝ թուլություն, փսխում, սրտխառնոց, աղիների գործունեության խանգարում: «Ռիսկային խմբում են հղիները, տարեցները, մանկահասակ երեխաները: Նրանց դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի, իսկ տնային պայմաններում կարելի է ակտիվացված ածուխ ընդունել: Սննդային թունավորում ունեցողները պետք է խուսափեն ձմերուկից, ալկոհոլից, կաթնամթերքից, ձկնեղենից»,-հորդորեց մասնագետը:
Նա խորհուրդ տվեց սննդին ուշադիր լինել. «Այն կարող է լինել ժամկետի մեջ, բայց օգտագործման համար՝ ոչ պիտանի: Ուշադրություն դարձրեք սննդամթերքի հոտին, գույնին, համին: Քաղաքից դուրս գնալիս էլ սննդամթերքը պետք է լավ լվանալ, տեղափոխել սառնարանային պայմաններում»:
Մարիաննա Մալխասյանը նաեւ ասաց, որ այս շոգ օրերին ճիշտ է սնվել բանջարեղենով, մրգերով, իսկ առօրյա ճաշատեսակներն ընդունել քիչ չափաբաժիններով: Նաեւ անհրաժեշտ է շատ հեղուկ ընդունել՝ օրական մինչեւ 3 լիտր: Իսկ սրտային եւ երիկամային հիվանդություններ ունեցողները պետք է օրական խմեն մեկ լիտր ջուր:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ