Երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Լեհաստանում իր ելույթում խոստացավ ավելացնել բնական գազի արտահանումը Եվրոպա, բուռն օվացիայի արժանացավ: Նման արձագանքը պետք է որ անհանգստացներ «Գազպրոմի» ղեկավարությանը. այդ հայտարարությունը նշանակում է դեպի եվրոպական շուկա գազի մատակարարումների պայքարի ակտիվացում, Financial Times հեղինակավոր պարբերականում գրում են լրագրողներ Դեյվիդ Շեփարդը և Հենրի Ֆոյը:
«Առաջին հայացքից այդ մրցապայքարում «Գազպրոմի» դիրքերն ուժեղ են. նա ունի առավելություն՝ «խաղալով սեփական դաշտում», ունի հսկայական պաշարներ և արդյունահանման քիչ ծախսեր»,- ասվում է հոդվածում: Իսկ գազատարով մղելը շատ ավելի էժան է, քան գազի խտացումը, ծովով տեղափոխումը և կրկնակի գազաֆիկացումը:
Բայց ամերիկյան գազի տեղափոխումը Եվրոպա ստանում է ավելի նկատելի քաղաքական երանգ, ենթադրում են հոդվածագիրները: ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված նոր պատժամիջոցները կարող են ուղղակիորեն դիպչել խողովակաշարերին:
Centre on Global Energy Policy-ի (Կոլումբիայի համալսարան) տնօրեն Ջեյսոն Բորդոֆը կարծում է, որ «Գազպրոմը» պետք է ընտրություն կատարի երկու տարբերակների միջև. կամ գնային մրցակցության մեջ մտնի և պահպանի իր մասնաբաժինը շուկայում, կամ նվազեցնի մատակարարումների ծավալը՝ պահպանելով բարձր գինը: Փորձագետի ենթադրությամբ՝ «Գազպրոմը» կընտրի առաջին տարբերակը, բայց այդ ժամանակ ստիպված կլինի խոստովանել, որ «գնային պատերազմը» ազդեցություն կունենա իր շահույթի վրա, անգամ եթե հաջողվի ավելացնել վաճառքի ծավալները:
ԱՄՆ պատժամիջոցները սրում են պայքարը, հատկապես երբ դրանք դիպչեն կառուցվող «Հյուսիսային հոսք-2» գազատարին: Դա վախեցրել է ռուս քաղաքական գործիչներին, որոնք ակտիվորեն գովազդում են դեպի Եվրոպա էժան գազ մատակարարելու իրենց կարողությունը, գրում են հեղինակները:
«Հյուսիսային հոսք-2» նախագիծը տապալելու փորձերը խտացված բնական գազի (վերջինս ավելի թանկ է, քան բնական գազը) պոտենցիալ մատակարարների կողմից անարդար մրցակցության բաղադրիչ է,- ասել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:- Քաղաքական դրդապատճառ ունեցող այս տնտեսական սահմանափակումները արդյունքում կհանգեցնեն շուկայում էներգառեսուրսների թանկացմանը»:
«Նովակի հայտարարությունն ընդգծում է եվրոպական որոշ երկրների համար առկա ռիսկը, քանի որ ըստ վերլուծաբանների, Եվրամիությունը առնվազն կարճաժամկետ հեռանկարում ստիպված է ավելացնել գազի ներմուծումը»,- գրում են հոդվածագիրները:
Պարբերականը կարծում է, որ խտացված գազի մատակարարումն ունի նաև դրական կողմեր. տարածաշրջանային շուկաները միավորվում են, ավելանում են գազի մատակարարումներն այնտեղ, որտեղ դրանք առավել պահանջված ե: Արդյունքում ԱՄՆ-ում գազի գնի նվազումը, որը տեղի է ունեցել շնորհիվ թերթաքայրային գազի արդյունահանման, որոշ առումով տեղափոխվել է Եվրոպա և Ասիա:
Եթե Եվրոպայում գազի շուկան դառնա առավել ճկուն, իսկ մրցակցությունն աճի, գները կարող են նվազել: «Հնարավոր է, արդյունքում դա կարող է դառնալ միակ ռուս-ամերիկյան պայքարը, որում կհաղթեն եվրոպացի սպառողները»,- եզրափակում է պարբերականը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ