Վանի նահանգի Արտամետ`ներկայումս Էրիմետ, բնակավայրում, Արշիլ Գորկու ծննդավայր Դիքայա գյուղում, հայկական գերեզմաների տարածքում հանրային զուգարաններ են կառուցվում: Ահազանգը հնչեցրել եւ հնչեցնում է «Արևմտահայոց ազգային համագումար» կազմակերպության անդամ, «Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանը: Նա նոր է վերադարձել Արևմտյան Հայաստանից, տեղում ծանոթացել է խնդրին, այսօր էլ «Արմենպրեսի» մամուլի սրահում ասուլիս էր հրավիրել: Գերեզմանատունը լճի ափին է, այդ ափը հիմա լողափ է եւ կենցաղային կարիքների համար փորձում են օգտագործել հայկական գերեզմանատունը: Այս պահին միակ բանը, որ կարող ենք, աղմուկ բարձրացնելն է, ինչն արել ենք, ասում է Արագած Ախոյանը: Վստահ է, աղմուկը կհասնի մինչեւ Անկարա եւ կսաստեն տեղական իշխանություններին. իրենց նման աղմուկն այսօր ձեռնտու չէ:
Հարցն իրենք բարձրացրել են հենց Վանում, տեղական մամուլն է անդրադարձել, տեղական գործիչներն են դատապարտել թուրքական իշխանության նման կեցվածքը:
Արագած Ախոյանը հիշում է`մի այլ բնակավայրում, իրենք տարիներ առաջ տեսել են հայկական գերեզմանատուն`անտեր, անմխիթար վիճակում: Ինքը տեղացիներին եւ գյուղապետին զգուշացրել է`սրա տերը մենք են: Տարիներ անց, երբ այցելել են նույն բնակավայր, տեսել են, որ բոլոր խաչքարերը տեղում են, գերեզմանները վնասված չեն: «Այսինքն, հենց հասկանում են, որ տեր կա, այլ կերպ են վերաբերվում»,-եզրակացնում է Արագած Ախոյանը ու ցավով նկատում, որ Դիարբեքիրի Արտամետի Սուրի և տարբեր այլ քաղաքների իր քաղաքապետ ընկերներն այսօր բանտարկված են: Վստահ է, որ ազատության մեջ լինելով`նրանք նման վայրագություններ թույլ չէին տա:
Այդուհանդերձ, բանախոսն արձանագրում է`Թուրքիայում բան է փոխվել, այլապես մենք այսպես ազատ չէինք գործի: Ամենակարեւոր փոփոխությունն էլ համարում է մտածողության փոփոխությունը. «Շարժում կա սկսված, որ հայ լինելը արժանապատվության խնդիր է, արդեն ամոթ չէ, վտանգավոր է, բայց մարդիկ պատրաստ են: Մի բան, որը մի քանի տարի առաջ հնարավոր չէ»:
Ինքը 4-4,5 միլիոն դավանափոխ հայերի մասին գիտե: Ասում է` մեր ազգի ու պետության անվտանգության շահերից է բխում, նրանց «վերադարձնելը»` հայացնելը, հայկական կրթություն տալը, հայ մշակույթով դաստիարակելը:
Արեւմտյան Հայաստան գնացող հայերին հորդորում է`այնտեղ երբեք չմտնել հայերի ներքին խնդիրների մեջ, բոլորին նույն աչքով նայել:
Իրենց այցն Արեւմտյան Հայաստան սկսվել է հունիսի 28-ից: Գնացել են Կարս, ապա Էրզրում, Խարբերդ: Խարբերդում, ասում է, բողոքական եկեղեցի կա, որը փորձել են ավտոկայանատեղի սարքել: Տեղի հայերի դիմադրության արդյունքում դա չի եղել: Եղել են նաեւ Նեմրութում: Իսկ Տիգրանակերտում`Դիարբեքիր, առաջին անգամ հայ համայնքը հայտարարել իր ինքնության մասին: Հայկական պատվիրակությանը դիմավորել են հայավարի`ճոխ սեղաններով, զուռնա-դհոլով: «Շուրջ 150 մարդ էր հավաքվել: Չնայած հայերեն քիչ ու միչ բաներ գիտեին, բայց մարդիկ հպարտորեն հայտարարում էին, որ հայ են»,- ասաց Արագած Ախոյանը: Ապա ազգագրական երգ ու պարով մի լավ հայկական քեֆ են արել: Ճամփորդությունը շարունակել են դեպի Մուշ: Մուշում այցելել են Գոմս`Արագած Ախոյանի նախահայրերից մեկի`ֆիդայի Իսոյի տուն: Երեկոյան տեղի հայերի հավաք է եղել: Տեղի համայնքը ի դեպ, դատական գործընթաց է սկսել Մուշի գերեզմանատան համար. այն 8000 քառակուսի մետր տարածքի վրա է, որտեղ նաեւ Գեւորգ Չավուշի գերեզմանն է: Գերեզմանատունը հիմա փակ է: «Խնդիրն այն չէ, որ դա չեն ուզում հայերին տալ, այլ մեխանիզմ չկա»,- դատական գործընթացի մասին ասում է Արագած Ախոյանը ու հավելում, որ առհասարակ խնդիր է, քանի որ երբ քրիստոնյան մահանում է, նրա աճյունը չեն կարողանում հուղարկավորել իսլամական գերեզմանատանը: Հիմա, դա արվում է գաղտագողի, մոլլաներին խնդրելով: Տեղի հայերը նաեւ արդեն այդ հարցերն են բարձրացնում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ