Ըստ Հադսոն համալսարանի ավագ գիտաշխատող, ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի հարցերով վերլուծաբան Դևիդ Սեթերի` լավ կլինի, որ ռուսները հասկանան` ապագայում ագրեսիան էլ ավելի թանկ է նստելու նրանց վրա
1976-1982թթ. Մոսկվայում Financial Times թերթի հատուկ թղթակից, 1982թ. The Wall Street Journal-ի՝ ԽՍՀՄ հարցերով փորձագետ, ներկայում Հադսոն համալսարանի ավագ գիտաշխատող, ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի հարցերով վերլուծաբան Դևիդ Սեթերը վստահ է, որ եթե Ռուսաստանը շարունակի իր ագրեսիան Ուկրաինայի նկատմամբ, ապա ռուս-ամերիկյան հարաբերություններն ավելի են սրվելու:
«Առավոտի» հետ զրույցում ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի հարցերով վերլուծաբանը նշեց, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հիմնականում ուղղված են Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությանը վերջ դնելուն:
Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրենք է ստորագրել, որով նախատեսվում է լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ: ԱՄՆ կոնգրեսի երկու պալատներն էլ ավելի վաղ պաշտպանել էին այդ օրինագիծը: Օրենքում նորությունն այն է, որ այն զրկում է նախագահին չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները առանց Կոնգրեսի թույլտվության:
Նախագահ Թրամփը հայտարարել էր. «Ես հանդես եմ գալիս կոշտ միջոցառումների օգտին, որպեսզի պատժենք և կանխենք Իրանի, Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի ագրեսիվ ու ապակայունացնող վարքը»:
Մեր հարցին` արդյոք այս աննախադեպ պատժամիջոցները խարխլելո՞ւ են պուտինյան վարչակազմն ամբողջությամբ, պարոն Սեթերը պատասխանեց. «Պատժամիջոցները ոչ թե կխարխլեն պուտինյան վարչակազմը, այլ կլինեն Ուկրաինայի նկատմամբ ռուսական ագրեսիայի ամերիկյան պատասխանը: Սա պատասխանն է նաև Ռուսաստանի` արևմտյան այն երկրների նկատմամբ վարած քաղաքականության, որոնք փորձում են ժողովրդավարական ընտրություններ անցկացնել: Պատժամիջոցները միգուցե չխարխլեն պուտինյան վարչակազմը, բայց հաստատ կնպաստեն նրան, որ Ռուսաստանում տարածում գտնի այն հոգեբանությունը, որ այլ երկրները ևս կարող են կոշտ արձագանքել և իրենց բողոքի ձայնը բարձրացնել ընդդեմ ագրեսիայի»: Վերլուծաբանը զգուշացրեց, թե իրավիճակը կարող է լուրջ հետևանքներ ունենալ, եթե Ռուսաստանը ետ չկանգնի իր ներկայիս քաղաքականությունից:
Հիշեցրինք, թե որոշ փորձագետներ վստահ են` ինչքան սրվեն ռուս-ամերիկյան հարաբերությունները, այնքան պայթյունավտանգ կդառնա Հարավային Կովկասը, և քաղաքական բախումների հավանականությունը կմեծանա: Պարոն Սեթերը շեշտեց. «Փաստն այն է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը հակամարտության մեջ են ոչ թե Հարավային Կովկասում դիրքերի ամրապնդման, այստեղ վարվող քաղաքական խնդիրների համար, այլ հիմնականում ռուս-ուկրաինական հարաբերությունների պատճառով»:
Փաստեցինք, որ պատժամիջոցները վերաբերում են ոչ միայն էներգետիկային, այլեւ ՌԴ կոռումպացված ղեկավարությանը եւ սուբյեկտներին, որոնք ղեկավարում են պետական ընկերությունները եւ հիմնականում Պուտինի մերձավորներն են: Առանձին կետերով պատժամիջոցների ենթակա են նաեւ բոլոր պետական քարոզչության միջոցները, կիբերհանցավորությունը, Մոսկվայի հետախուզական գործունեությունը: Այնուհետև նշեցինք, թե ստացվում է, որ սա մի աննախադեպ համակարգային հարված է Պուտինի վարչակազմի բոլոր հիմնասյուներին, հետևաբար ի՞նչ հետագա զարգացումներ սպասել, արդյոք սա Պուտինի համար դաս կլինի՞, պարոն Սեթերը պատասխանեց, թե չի կարծում, որ լուրջ փոփոխություններ կլինեն ռուս-ամերիկյան հարաբերություններում, ուղղակի լավ կլինի, որ ռուսները հասկանան` ապագայում ագրեսիան թանկ է նստելու նրանց վրա: Պարոն Սեթերը հաստատեց, որ պատժամիջոցները խփելու են նախևառաջ անհատների, որոնք լուրջ ներդրում ունեն ռուսական տնտեսության զարգացման մեջ, և գուցե այս համատեքստում էլ Ռուսաստանը ստիպված լինի գոնե սահմանափակել ագրեսիայի ծավալներն ընդդեմ Ուկրաինայի, եթե ոչ՝ դադարեցնել այն:
Ինչ վերաբերում է հարցին` արդյոք Ռուսաստանը հետ կկանչի՞ իր դիվանագիտական ներկայացուցիչներին, պարոն Սեթերը պատասխանեց, թե ավելի շուտ «նրանք դուրս կշպրտվեն» ոչ արդյունավետ աշխատանքի համար:
Հետաքրքրվեցինք` ո՞րը կարող է լինել այս հարցում Եվրոպայի դիրքորոշումը, քանի որ ամերիկյան գազը Եվրոպայի համար մի քանի անգամ թանկ է, քան ռուսականը: Վերլուծաբանն ի պատասխան հիշեցրեց, որ եվրոպացիներն իրենք էլ են պատժամիջոցներ կիրառել ՌԴ-ի նկատմամբ, թեև ԱՄՆ-ից եկող պատժամիջոցների ծավալներն անհամեմատ ավելին են: Սակայն փաստ է այն, որ Եվրոպան մասշտաբների վերանայում կատարել չի կարող այլևս:
Վերլուծաբանը ևս մեկ անգամ շեշտեց. «Եթե Ռուսաստանը վերջ չտա Ուկրաինայի նկատմամբ ագրեսիային, վատ է լինելու»:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
04.08.2017