Լրահոս
Օրվա լրահոսը

Էջմիածնում ջուրն ավելացավ

Օգոստոս 05,2017 13:00

Էջմիածնում ջրի խնդիր կա: Սա փաստ է: Բայց փաստ է նաեւ այն, որ քաղաքում ջրի խնդիր եղել է ե՛ւ անցյալ տարի, երբ համակարգը կառավարում էր «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն, ե՛ւ դրանից առաջ, տարիներ շարունակ:

Տարբերությունն այն է, որ այս տարի, կապված արտակարգ շոգ եղանակների հետ, այստեղ ավելացել է ջրի սպառումը, ինչը լրացուցիչ լարվածություն է ստեղծել Վեոլիա Ջրի համակարգում: Բայց կա նաեւ մեկ այլ տարբերություն: Ջրամատակարարը եռանդուն քայլեր է ձեռնարկում խնդիրը քաղաքում լուծելու համար:

Վեոլիա Ջուրը վերջերս հրապարակել էր հաղորդագրություն ստեղծված իրավիճակի պատճառների ու դրա շտկմանն ուղղված քայլերի մասին: Անցան հաշված օրեր, եւ դրանք տվեցին իրենց առաջին պտուղները: Այսպես, հուլիսի վերջերին հերթական միջոցառման շրջանակներում իր տրամաբանական լուծումը ստացավ, այսպես կոչված, «Ամբերդի ձորի» հարցը: 400, 500 ու 600 մմ տրամագծով թվով երեք ջրատարներ «Բազմաղբյուր» ու «Ղազարավան» աղբյուրներից Ամբերդ գյուղին հարակից այս ձորով ջուր են հասցնում «Շահումյան» օրվա կարգավորիչ ջրամբար (ՕԿՋ), որտեղից էլ այն մատակարարվում է մեծամասամբ Էջմիածին քաղաքին: Բայց կենարար հեղուկի զգալի մասը տեղ չէր հասնում: Հատկապես տագնապալից էր 500մմ տրամագծով ջրատարի վիճակը: Այն անցնում էր Շահումյան գյուղի տարածքով, որտեղ համատարած ապօրինությունների պատճառով կորցնում էր ծավալի մի մասը: Իսկ ահա հարեւանությամբ անցնող 600 միլիմետրանոց ջրատարն ավելի բարվոք վիճակում էր, բոլոր առումներով: Դրա համար էլ որոշվեց առաջին ջրատարն ընդհանրապես հանել շահագործումից Ամբերդի ձորում խողովակների միջեւ տրվող միացման միջոցով՝ դրանով հոսող ջուրն ուղղելով դեպի երկրորդ ջրատար: Արեցին, ու ստացվեց: Աշխատեցին մի ամբողջ ցերեկ ու գիշեր, բայց ոչ տրտնջացին եւ ոչ էլ ափսոսեցին. գլխավորը գործն է, քաղաքը ջրի է կարոտ:

Հետո եկավ 400 միլիմետրանոց թուջե ջրատարի հերթը: Սա էլ Քասախի ձորում մի այնպիսի տեղով էր անցնում, որ մոտենալ հնարավոր չէր, առավել եւս՝ շինտեխնիկան չէր անցնում: Միայն չափումների շնորհիվ պարզ դարձավ, որ այս ճահճապատ հատվածում այն վթարված է, զգալի ջուր է արտահոսում: Ստիպված եղան շատ մեծ դժվարություններով կառուցել այդ հատվածը շրջանցող մոտ 60 մետրանոց խողովակաշար, որով ջուրը ուղղեց նորից դեպի 600 միլիմետրանոց ջրատար: Իսկ հինը շահագործումից հանվեց:

Հիմա այստեղից դեպի «Շահումյան» ՕԿՋ է ձգվում միայն մեկ ջրատար: Ապօրինություններով ու վթարային վիճակով պայմանավորված՝ ջրի կորուստը հասել է նվազագույնի: Արդյունքում քաղաք ուղղվող ջրի ընդհանուր քանակն ավելացել է վայրկյանում մոտ 50 լիտրով: Էջմիածնի համար սա զգալի ծավալ է, որն անմիջապես դրական արդյունքի է հանգեցրել: Բողոքների քանակն էլ, ինչպես եւ սպասվում էր, էականորեն նվազել է: Բայց միեւնույն է՝ աշխատանքներն այստեղ շարունակվում են:

 

Վեոլիա Ջուր ՓԲԸ,

Հանրային կապերի ծառայություն

«Առավոտ» օրաթերթ

04.08.2017

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031