Օգոստոսի 4-ին Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի վեցերորդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, նախարարության աշխատակիցներ, պետական և մշակույթի գործիչներ, հյուրեր:
Ծրագրի 6-րդ փուլին մասնակցում է շուրջ 90 պատանի և աղջիկ՝ աշխարհի 10 երկրից՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից, Լիբանանից, Հորդանանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Շվեդիայից:
Ողջունելով արիտունցիներին՝ Սերժ Սրապիոնյանը փոխանցեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ջերմագին խոսքերը: Նա մասնավորապես նշեց. «Սիրելի՛ պատանիներ և աղջիկներ, ուրախ եմ ողջունել ձեզ Հայրենիքում: Հավատում եմ, որ այս օրերը ուրախ ու բովանդակալից են անցել, և այսուհետ ձեր կապը Հայրենիքի հետ ավելի կսերտանա: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն հյուընկալ ընտանիքներին, որոնք պահեցին ձեզ: Շնորհակալություն նաև առողջապահության, անվտանգության, ոստիկանության, փրկարարական ոլորտի բոլոր աշխատակիցներին, ովքեր ձեր կողքին էին այս օրերին: Նաև շնորհակալություն ճամբարի ղեկավարներին, ջոկատավարներին, բոլոր նրանց, ովքեր ամեն ինչ արեցին, որ ձեր օրերը անմոռաց դառնան: Այս օրերին սովորեցիք հայերեն, հայոց պատմություն, ծանոթացաք Հայաստանի տեսարժան վայրերին, տեսաք այն ամենը, ինչի մասին կարդացել էիք գրքերում, ծանոթացաք ու ընկերացաք իրար հետ: Ուզում եմ շարունակվի այդ ընկերությունը:Հավատում եմ, որ մեծանալու եք որպես հպարտ հայեր, պահպանելու եք մեր ազգի պատիվը, լավ եք սովորելու: Դուք եք մեր ապագան: Հայրենիքի դռները միշտ բաց ձեզ համար, բարով գնաք, որ բարով վերադառնաք: Հավատում եմ, որ Հայաստանում եք թողնելու ձեր սրտի մի մասնիկը և մի օր, անպայման, վերադառնալու եք»:
Արիտունցիները հանդես եկան համերգային ծրագրով, որը պատրաստել էին ճամբարային օրերի ընթացքում:
ՀՀ սփյուռքի նախարարություն