Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Շիրակի պետական համալսարանի մագիստրոսների դիպլոմները հանձնելու ժամանակ բուհի աշխատակիցների, ուսանողների և «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի կողմից բանալիներ հանձնեցին Խաչատրյանների անօթևան ընտանիքին։ Ընտանիքը բաղկացած է հինգ անդամից, 20 տարի շարունակ ապրել է տնակի մեջ։ Խաչատրյաններն ունեն երեք դուստր, որոնցից երկուսը սովորում են Գյումրու պետական համալսարանում։
Այսօր «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի, խորհրդի մյուս անդամների՝ մարզի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ֆելիքս Գրիգորյանի, Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանի, մարզպետարանի ու քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ առանձնատունը հանձնվեց անօթևան ընտանիքին։ Առանձնատունն, ի դեպ, Գյումրու ամենակենտրոնական հատվածում է։
Ինչպես մեզ հետ զրույցում ասաց «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի գործադիր տնօրեն Ղարիբ Հարությունյանն, անօթևան ևս մեկ ընտանիքի սոցիալական բնակարան նվիրելու նախաձեռնությունը Գյումրու պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմինն ու շրջանավարտ-ուսանողներին էր։ Նրանք 3 միլիոն 250 հազար դրամ գումար են փոխանցել հիմնադրամին՝ խնդրելով բնակարան ձեռք բերել այնպիսի մի ընտանիքի համար, որոնք ուսանողներ ունեն բուհում։ Գումարի մի մասն էլ ներդրել է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը։
Տանտիրուհին՝ Գոհար Խաչատրյանն էլ պատմեց, որ սա իրենց համար եղել է անակնկալ, մի օր Շիրակի պետական համալսարանի երկու ուսանողուհիներ պատահական այցելել են իրենց, նկարել են տնակը թե՛ ներսից, թե՛ դրսից, իսկ որոշ ժամանակ անց հայտնել, որ դուք այլևս տնակում չեք ապրելու՝ բնակարան ունեք։ «Երկու գեղեցիկ օրիորդներ ճիշտ է իրենց աշխատանքն էին կատարում, բայց մեզ հույս բերեցին, բնակարանի հույս։ Իրենց հեռանալուց հետո մենք հասկացանք, որ հրաշքներ կատարվում են», -ասաց տանտիկինը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ