Լրահոս
Օրվա լրահոսը

«Կամարիսի եկեղեցու վերանորոգումը չի′ շարունակվի, մինչև «չտեսնեմ» 60 մլն դրամի ծախսը». Արմեն Ամիրյան

Օգոստոս 04,2017 17:52

«Խայտառակությո′ւն»,- այս բնորոշումն այսօր բազմապատիկ անգամ հնչեցրեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, երբ քննարկվում էր Կամարիսի Ս. Հովհաննես եկեղեցու վերականգնման աշխատանքը։ Հրավիրված էին աշխատանքի համար պատասխանատու բոլորը, բայց ներկա էին միայն նախարարության գիտամեթոդական խորհրդի անդամները։

«Կազմե′ք անկախ հանձնաժողով, որը կուսումնասիրի հուշարձանների վերականգնման այս և բոլոր նախագծերը, նախահաշիվները և կատարած աշխատանքը, ապա եզրակացություն կտա։ Այդ հանձնաժողովի անդամները չպետք է լինեն հուշարձանների վերականգնման որևէ աշխատախմբից կամ էլ՝ նրանց հետ փոխկապակցված անձիք»,- տեղակալ Արև Սամուելյանին հանձնարարեց նախարարը։

Կամարիսի Ս. Հովհաննես եկեղեցու վերականգնման աշխատանքն սկսվել է 2013 թվականին, և մինչև 2016 թվականը ներառյալ ծախսվել է 60 միլիոն դրամ։ Շինաշխատանքն իրականացնում է «Կոտայք նախագիծ» ընկերությունը։

Նախարարը վերջերս էր ստուգայց կատարել վերականգնվող հուշարձանի տարածքում և, իր խոսքով, տեսածը խայտառակություն էր, եթե ոչ՝ հանցագործություն.

«Ես այդտեղ այդքան ծախս չտեսա… Եվ խայտառակություն տեսա. ինչպե՞ս կարելի է ցեմենտ-ավազով սվաղել 17-րդ դարի եկեղեցու պատը։ Վերականգնման նախագծում նշված է՝ ծեփում։ Եթե նախահաշվում է ցեմենտ-ավազով սվաղ գրվել, ուրեմն պատասխանատու է նախահաշիվ կազմողը, եթե շինարարն է այդպես որոշել, ուրեմն՝ շինարարը։ Առավել ևս՝ վերահսկողը։ Ուզում եմ տեսնել շինարարության վարման մատյանը. հեղինակը կամ տեխվերահսկողը ե՞րբ և քանի՞ անգամ են ստուգել շինաշխատանքը։ Եվ այս պահին որտե՞ղ են. այսօր բոլորը հրավիրված էին, ինչու՞ չեն եկել։ Գումարներն ուզելիս լավ էլ ուզում են, հազար զանգով ու միջնորդով փորձում են հանդիպել, հիմա ու՞ր են, թող գան, նայեն աչքերիս մեջ և ցույց տան, թե որտեղ է ծախսվել 60 միլիոն դրամը»։

Իսկ դիմելով պատմամշակութային հուշարձանների վերականգնման հարցերով խորհրդական Ստեփան Ղազարյանին, Արմեն Ամիրյանն ասաց.

«Դո′ւք եք եղել հուշարձանների վերականգնման ստորաբաժանման ղեկավարը, դուք իմ խորհրդականն եք, ինչպե՞ս եք թույլ տվել նման բարբարոսություն։ Այս ի՞նչ է կատարվում, դուք թե′ նախագծի տերն եք, և թե′ առնչությո՞ւն ունեք այն իրականացնող շինարարակա՞ն ընկերության հետ։ Այդպես չի′ լինում, չի′ կարող լինել, որոշե′ք, թե որ կողմում եք. կա′մ դիմում գրեք՝ ազատվեք աշխատանքից, կա′մ հրաժարվեք շինարարությունից»։

Դուք որոշեք՝ ասաց խորհրդականը։

Եզրափակելիս երկու բան ասաց զայրացած նախարարը.

Առաջին՝ «Նրանք, ովքեր առնչություն ունեն որևէ նախագիծ և նախահաշիվ կազմողի կամ շինարարի հետ, ո′չ մի կերպ չեն կարող լինել որոշում կայացնող մարմնում»։

Երկրորդ՝ «Կամարիսում եկեղեցու վերականգնման աշխատանքը չի′ շարունակվի, մինչև «չտեսնեմ» այդ 60 միլիոն դրամի ծախսը։ Ես ինքս այնտեղ 60 միլիոն դրամի աշխատանք չեմ տեսել»։

ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031