«Դաշնակից երկրները կունենան մանևրելու և ընտրություն կատարելու հնարավորություն, թե որ կողմ գնան` Ամերիկա, Ռուսաստան, թե՞ Եվրամիություն։ Բայց, անկախ ամեն ինչից, աշխարհը թույլ չի տա, որ տեղի ունենա Հայաստանի ու Արցախի միացումը»,-«Հայացք» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքագետ Արայիկ Սարգսյանը:
Պարոն Սարգսյանը հավաստիացրեց, որ Ռուսաստանը վտանգ է տեսնում ՆԱՏՕ-ի կողմից, դա էր պատճառը, որ վերադարձրեց Ղրիմը, Սիրիայում իրականացրեց ռազմական գործողություններ:
Ըստ Արայիկ Սարգսյանի`ռուս-ամերիկյան հարաբերությունները թևակոխում են նոր սառը պատերազմի դարաշրջան և ավելի կոշտ հարաբերությունների փուլ:
Պարոն Սարգսյանը նաև փաստեց, որ Ռուսաստանն իր նավթային եկամուտները տեղաբաշխում է ԱՄՆ-ի գանձարաններում, և այսպիսի քաղաքականությունը ձեռնտու է առաջին հերթին ԱՄՆ-ին: Այս առիթով նա մանրամասնեց. «Այսօրվա դրությամբ ՌԴ-ն ունի 121 միլիարդից ավելի ԱՄՆ գանձապետարանի արժեթղթեր, մինչդեռ անցյալ տարի այս օրերի հաշվարկով ՌԴ-ն ընդամենն ուներ ԱՄՆ գանձապետարանում մոտ 68 միլիարդ դոլարի արժեթղթեր: ՌԴ-ն գնում է ԱՄՆ պահուստային համակարգից տարեկան տասներեքից տասնհինգ միլիարդ դոլարի արժեթղթեր»:
Արայիկ Սարգսյանը ռուս-ամերիկյան հակամարտությունը թաքուն խաղի է նմանեցնում ու կասկածի տակ դնում այն, թե ինչպես ստացվեց, որ Սիրիայի հարավում` Դերա մարզում ռուս-ամերիկյան ռազմական համաձայնություն եղավ առ այն, որ այդտեղ դադարեցվում են բոլոր տեսակի ռազմական գործողություններն ի շահ Իսրայելի:
Անդրադառնալով ՌԴ-ի`Սիրիայում իրականացվող գործողություններին` Արայիկ Սարգսյանն ասաց, որ դա ևս ուներ շահադիտակայն նպատակ. «ՌԴ-ն, մտնելով Սիրիա, հետապնդում էր նպատակ մեծ ծառայություն մատուցել միջազգային հանրությանը ԻԼԻՊ-ի դեմ պայքարի գործում: Փոխարենը ՌԴ-ն ստացավ Ղրիմի վերամիավորման նկատմամբ միջազգային հանրության լռությունը: Փաստորեն, այդ լռության դիմաց ՌԴ-ն մտավ Սիրիա և վերականգնեց իր աշխարհաքաղաքական դիրքերը Մերձավոր Արևելքում: Ցանկացած պահի ՌԴ-ն կարող է գործողություններ իրականացնել Ղարաբաղի հանդեպ, որը թաքուն, բայց մենք տեսանք ապրիլյան պատերազմի օրերին. հատկապես քաղաքական ղեկավարության և գլխավոր շտաբի կողմից չակերտավոր դաբրոյի համար: Այդ դաբրոն տվել էր նաև Իսրայելը: Սա միջազգային դիվանագիտության չգրված օրենք է: Տեղի է ունենում տորգ` առևտուր աշխարհի ղեկավարների միջև. ես ձեզ հանձնում եմ Հոլանի բարձունքները, պարոն Նաթանյահու, դուք ձեր աչքերը փակում եք իմ` այս կամ այն տարածաշրջանում գործողությունների նկատմամբ»::
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Respect to mr. Sarkisian!