Ստորև ներկայացնում ենք «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ» գրքի հերթական` 22-րդ հատվածը: Այս մասում հրապարակում ենք «Վրաստան», «Ժողովրդական թերթիկ» եւ «Հայրենիք» պարբերականներում, 1916 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին տպագրված հոդվածների հայերեն տարբերակները:
Վրաստան 1916.10.28 #240
Աքսորվածների կարիքները
Քաղաքների միության բաժնին Իգդիրից տեղեկացնում են, որ աքսորված հայերը սննդի, հագուստի և այլ տիպի օգնության կարիք ունեն: Նրանց շրջանում բազմաթիվ հիվանդություններ են գլուխ բարձրացրել:
Սերմնացուի և սննդի փոխանցումը
Բաքվի հայկական հասարակական կազմակերպությունները որոշել են ցածր գնով ցորեն հատկացնել Գյանջայի, Երևանի և Կարսի 1000 գյուղերի:
Հայկական բարեգործական միության և կենտրոնական կոմիտեի ղեկավար Արությունովը տեսել է սենատոր Ն.Դ. Չապլինին և հակիրճ զեկուցել հայ փախստականների, ապաստարանների և դպրոցների վերաբերյալ: Ապաստարաններում տեղավորված են 7 հազար մարդ, ճիշտ այնքան, որքանի համար գումար են ստանում, իսկ դպրոցներում 9 հազարի փոխարեն 20 հազար երեխա կա: Սենատորը օգնություն է խոստացել Տատիանայի կոմիտեի կողմից և նշել, որ կայցելի դպրոցներն ու ապաստարանները:
Ժողովրդական թերթիկ 1916/10/28 # 703
Ինչպես Իգդիրից տեղեկացնում են հայկական կենտրոնական կոմիտեին, Վանի կողմերում սաստիկ սով է: Քաղցած ժողովուրդը կանգնած է սննդի դատարկ պահեստների դիմաց` ալյուրի զուր սպասումներով: Իգդիրի պահեստից այնտեղ է ուղարկվել այն, ինչ հնարավոր է եղել՝ 500 փութ ալյուր, 502 փութ շաքար և 1000 փութ թեյ: Ալաշկերտից, Բայազետից հայկական կենտրոնական կոմիտեին տեղեկացնում են, որ այնտեղ սնունդը պակասել է, փախստականների շրջանում սով է։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում