«Մենք գնում ենք, այսպես ասած՝ խորացված համագործակցության եւ համաձայնագրի ստորագրմանը: Այս փուլում գնում են փաստաթղթի իրավական մաքրման գործընթացները: Մենք, այս փուլում, ոչ մի խոչընդոտ չենք տեսնում այդ փաստաթղթի ստորագրման համար»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական ներդրումների եւ զարգացման նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը (լուսանկարում) ՝ պատասխանելով նոյեմբերին նախատեսված Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ համաձայնագրի ստորագրմանը վերաբերող հարցին:
Դիտարկմանը՝ 2013թ. Ռուսաստանը բավական կոշտ արձագանքեց Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ստորագրվելիք Շրջանակային համաձայնագրին եւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի մասին համաձայնագրին, մեր զրուցակիցը հակադարձեց. «Ռուսական կողմը մի քանի անգամ շատ բարձր մակարդակով հայտարարել է, որ իրենք ողջունում են ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ նոր փաստաթղթի ստորագրումը»:
Ի դեպ, երբ ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրվելիք նոր համաձայնագրի նոր նախագիծը Եվրոպական խորհրդարանում քննարկվում էր, եվրոպացի պատգամավորները մտահոգություն հնչեցրին Հայաստանի նման կոռումպացված երկրի՝ գործընկեր ունենալու առումով:
Հովհաննես Ազիզյանը նկատում է՝ կոռուպցիան խնդիր է ոչ միայն Հայաստանի համար, եւ բոլոր երկրներում էլ կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ աշխատանքներ տարվում են: «Խնդիրն այն է, որ մեր տարածաշրջանում ընդհանրապես կոռուպցիայի մակարդակը բավականին բարձր է, հաշվի առնելով տարբեր խնդիրներ, որոնք գոյություն ունեն: Միաժամանակ կարծում եմ, որ բոլոր երկրներում էլ հասկանում են՝ կոռուպցիան հիմնական խոչընդոտ-գործոնն է զարգացման համար եւ բոլորն էլ այդ ուղղությամբ աշխատում են: Այս տեսանկյունից, իմ կարծիքով, Հայաստանի արտահանման եւ տնտեսական զարգացման առումով լուրջ խոչընդոտներ չկան»,- ասաց Հովհաննես Ազիզյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ