Լրահոս
Օրվա լրահոսը

Չփնտրել անփնտրելին. Վարչապետը պատգամավորին չի ներկայացրել Ամուլսարի մասին խոստացված նյութերը

Օգոստոս 04,2017 16:21

Հունիսի 21-ին Ազգային ժողովի նիստում պատգամավոր Շաքե Իսայանը, մեջբերելով բնապահպանական հասարակական կազմակերպությունների հիմնավորումները, հարց էր ուղղել վարչապետ Կարեն Կարապետյանին Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեպքում Ջերմուկի ջրերի աղբյուրների աղտոտման վերաբերյալ:

Վարչապետն ի պատասխան հայտարարել էր, – «Ես կարծում եմ, որ մենք այստեղ բնապահպանական ճգնաժամ, բնապահպանական նորմերի խախտում չենք ունենալու, որովհետև միջազգային էքսպերտների գնահատականներով դա հսկում ենք մենք»:

Թե ինչ «Էքսպերտների» միջոցով է կառավարությունը հսկում հայտնի չէ և ոչ մի նման պաշտոնական փորձագիտական խումբ գոյություն չունի: Նման խմբի գոյության մասին հայտարարում է միայն Ամուլսարի հանքավայրը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերությունը, որն էլ ձևավորել է այդ «անկախ» խումբը:

Ինչպես ժամանակին Լիդիանի խիստ թերի ուսումնասիրությունների հիման վրա ՀՀ Բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ն է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ տվել դրական եզրակացություն, այնպես էլ նույն Լիդիանի փորձագիտական խմբի հույսին է մնացել հայրենի կառավարությունը:

Վարչապետը խոստացել էր նաև ԱԺ պատգամավորին ներկայացնել նյութեր, իսկ եթե պատգամավորը հանքի շահագործման արդյունքում ջրերի աղտոտման ռիսկեր կգտնի` թող իրեն տեղեկացնի։

Պատգամավորն էլ իր հերթին սոցիալական ցանցի միջոցով հայտարարել էր վարչապետից նյութեր ստանալու դեպքում ներկայացնել հանրությանը, ինչը, բնականաբար, չի ներկայացվել:

Հստակ իմանալով, որ խոստացված նյութերը չեն ներկայացվելու դրանց բացակայության պատճառով, հիմք ընդունելով այն փաստը, որ վարչապետի խոստումը արդեն երկրորդ ամիսն է չի իրականացվում` Civil Voice ՀԿ-ն կոչ է անում վարչապետին` չփնտրել անփնտրելին, իսկ Ամուլսարի շահագործման անվտանգության մասին հավաստիացումները` համարել անվավեր:

Civil Voice ՀԿ

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031