«Մաքուր Հայաստան» ծրագիրը մեր երկրում աղբի խնդիրը չի լուծի` քանի դեռ աղբավայրերի կառավարման հարցը բաց է: Այսօր «Հենարան» ակումբում այսպիսի կարծիք հայտնեցին բնապահպան Ինգա Զառաֆյանը եւ անկախ փորձագետ Լուսինե Թասլակյանը:
Ըստ Ինգա Զառաֆյանի, «Մաքուր Հայաստան»-ը շատ նման է ակցիայի. «Դա կառավարման խնդիր չի լուծում, իսկ մենք դրա պահանջն ունենք: Մենք ունենք, իհարկե, ռազմավարություն, սակայն այնտեղ աղբի վերամշակման մասին մի տող է ասված եւ ոչ մի միջոցառում նախատեսված չէ»:
Տիկին Զառաֆյանի խոսքով, մեզ մոտ աղբը մի տեղից մի տեղ են տեղափոխում, բայց խնդիրը դրանով չի լուծվում: Ըստ նրա, հիմնականում աղբը Նուբարաշենի աղբավայր է տեղափոխվում, որտեղ ոչ թե տեսակավորում ու մշակման են ենթարկում, այլ` այրում են:
Մանրամասները` տեսանյութում
Տիկին Զարաֆյանի խոսքով, Եվրոպական բանկի գնահատմամբ, որպեսզի մեր երկրում 95 տոկոս աղբի խնդիրը լուծվի, անհրաժեշտ է 90 միլիոն եվրո գումար:
Լուսինե Թասլակյանի խոսքով, աղբահանության առումով Երեւանում ինչ-որ տեղաշարժ կա, սակայն մարզերում շատ ավելի վատ է վիճակը:
«Աղբահանությունը մարզերում շատ վատ է կազմակերպված կամ ընդհանրապես կազմակերպված չէ, ինչի արդյունքում ընդունված է եղել աղբը նետել գետերի ափերին`մտածելով, որ գետը կտանի: Սակայն գետը ունակ չէ ամեն ինչ տանել, շատ դեպքում ամռան ընթացքում ջրի քանակը պակասում է եւ այդ աղբը կուտակվում է ափերին: Գետերի շունչը բացելու խնդիր ունենք»:
Տիկին Թասլակյանը գտնում է, որ վերահսկողությունը պետք է բարձրացնել եւ տուգանքներ սահմանել, որպեսզի չնախատեսված վայրերում աղբ թափելու խնդիրը գոնե լուծվի:
Ըստ նրա, վերահսկողության բացակայությունն էլ է նպաստում, որ աղբի պատասխանատուները ոչ պատշաճ կատարեն իրենց գործը: Լուսինե Թասլակյանի խոսքով, որեւէ մեկը չի վերահսկում օրինակ` տան կամ որեւէ օբյեկտի վերանորոգումից հետո այդ թափոնները ուր են տարվում. «Վճարում ես, որ այդ աղբը տեղափոխեն, բայց ո՞վ է հետեւում այդ աղբը տանում են աղբավայր են հասցնում, թե՞ վառելիք խնայելու համար ճանապարհին մի տեղ վարորդը դատարկում են»:
Փորձագետն անդրադարձավ նաեւ աղբամանների բացակայությանը հատկապես հանգստավայրերում: Նրա խոսքով, շատ հանգստյան գոտիներում ոչ մի ներդրում չեն անում, բայց մարդկանցից տարածքի համար գումար են գանձում եւ անգամ կուտակված աղբի համար պատասխանատվություն չեն կրում, մինչդեռ այդ տարածքի սեփականատիրոջ պարտավորությունն է աղբահանությունը եւ տարածքը մաքուր պահելը:
Ըստ նրա, աղբի տեսակավորումը, կառավարումը կնպաստի մեր երկրում տուրիզմի զարգացմանը. «Մենք իրոք տուրիզմի պոտենցիալ ունենք, շատ հիանալի վայրեր ունենք, որտեղ ուղղակի ամաչում ես մարդ տանելու, որ այդ աղբերը չտեսնեն»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ