Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավապաշտպան. «Քանի դեռ ունենք Ամիրյանի, Միկոյանի, Ղուկասյանի անվան փողոցներ ու արձաններ, վատ ենք ապրելու»

Օգոստոս 04,2017 14:55

Հովհ. Թումանյանի թանգարանի մուտքի բացօթյա տարածքում բացված խորհրդային բռնատիրության զոհերին նվիրված «Խավարում» խորագրով ցուցադրությանը մասնակցում էր նաեւ իրավապաշտպան Վարդան Հարությունյանը

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Հարությունյանը կարեւորեց ցուցադրության բացումը. «Պետք է նման ցուցահանդեսներ շատ լինեն, որովհետեւ մեր ժողովուրդը, հատկապես երիտասարդները չգիտեն խորհրդային շրջանի մեր պատմությունը, բացարձակապես տեղյակ չեն: Ընդ որում, մինչեւ 60-ական թվականների եղած խորհրդային շրջանի պատմություն չգիտի ոչ ոք: Պետք է լուսաբանվի, գրվի, եւ ոչ միայն Թումանյանի տուն-թանգարանում, այլ ամենուր, որ մարդիկ հասկանան, թե ինչ շրջան ենք ապրել:

Համեմատության համար կարող եմ ասել, որ մեր երիտասարդները միջնադարյան պատմությունը շատ ավելի լավ գիտեն, քան խորհրդային շրջանինը: Շատ բարդ է նրանց բացատրել` ինչ է Խորհրդային Միությունը: Օրինակ` վերջերս մի երիտասարդ աղջկա հետ հետաքրքիր զրույց ունեցա: Մարդ, որ ծնված օրվանից աչք է բացել ու իր տանը տեսել է համակարգիչ, պրինտեր, ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, որ այն տարիներին գրամեքենա հայթայթելը անօրինական ճանապարհով, գրամեքենայով իշխանությունների կողմից չստուգված որեւէ նյութ մեքենագրելը, պահելը, բազմացնելը եւ տարածելը քրեորեն դատապարտելի էին եւ հսկայական պատժամիջոցներ էին նախատեսում»:

Վարդան Հարությունյանից հետաքրքրվեցինք` ինչպե՞ս է վերաբերվում այն բանին, որ մի կողմից նման ցուցադրություն է բացվում, որը լույս է սփռում խորհրդային շրջանի սարսափելի իրադարձությունների վրա, մյուս կողմից Հայաստանում դեռեւս ունենք Կասյանի, Ֆրունզեի, Միկոյանի փողոցներ ու պողոտաներ, արձաններ եւ այլն:

«Դա մեր ամոթն է, որ ունենք Միկոյանի պողոտաներ, կիսանդրիներ, դեռեւս մեր Երեւանի շենքների պատերին ամենուր գրված է` այստեղ ապրել է պետական, կուսակցական գործիչ, կոմունիստ այսինչյանը: Դա նշանակում է, որ մենք դեռեւս վերջնականապես չենք կտրվել մեր խորհրդային անցյալից, դեռ այդ բեռը մեր ուսերին է: Դա է նաեւ պատճառը, որ այսպես ենք ապրում: Քանի դեռ ունենք Ամիրյանի, Միկոյանի, Ղուկասյանի անվան փողոցներ, հուշարձաններ կամ գյուղեր, վատ ենք ապրելու, պարտադրված այսպես ենք ապրելու, որովհետեւ չենք կտրվում խորհրդային մտածողությունից, որովհետեւ մեր իշխանավորներն են այդ մտածողությամբ օժտված, մեր մեջ ապրող մարդիկ, մեր հարեւանները….»,-պատասխանեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանում ստալինապաշտական մտածողության վերածննդին, Վարդան Հարությունյանը նշեց. «Մենք էլ դրանից հեռու չենք, Ռուսաստանում, իհարկե վերելք է ապրում ստալինիզմը, բայց դա մեզ էլ է առնչվում: Ընդամենը երկու տարի առաջ Երեւանում մեծ խնդիր եղավ, մեր իշխանավորներն ուզում էին Միկոյանի արձանը տեղադրել: Հիմա, որ նայեք մեր արձաններին, ամեն ինչ պարզ կդառնա: Օրինակ, թեկուզ, Նժդեհի հրապարակում կանգնեցված Սպանդարյանի արձանին, լավ է, որ այդ մարդը չի հասցրել շատ վատ բաներ անել, չնայած կոմունիստ է եղել: Այդ ատավիզմը գոյություն ունի մեր մեջ` հսկայական պաշարով, դրա համար էլ այսպիսին ենք»

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031