Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիք Իշխանյան. «Այսօր էլ նույն ձեւով հավատում են սարքովի գործերին, ինչպես 37թ»

Օգոստոս 04,2017 14:41

Հովհ. Թումանյանի թանգարանի մուտքի բացօթյա տարածքում բացված խորհրդային բռնատիրության զոհերին նվիրված «Խավարում» խորագրով ցուցադրությանը ներկա էր նաեւ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Իշխանյանը ցավով փաստեց, որ անկախություն ստանալուց հետո մեր հասարակությունը, իշխանությունները գնահատական չտվեցին խորհրդային տարիների բռնաճնշումներին: «Սա շատ կարեւոր խնդիր է, առնվազն քաղաքական գնահատական պետք է տրվեր, որովհետեւ եթե դու դասեր չես քաղում ու չես փակում այդ էջը՝ պատմությունը սովորություն ունի կրկնվելու: Այդ տեսակետից այս ցուցահանդեսը կարեւոր է` եւս մեկ անգամ հիշեցնելու այդ տարիները:

Ինձ համար ցավալի է, որ այս բռնաճնշումների մասին բավականին մանրամասն իմանալով հանդերձ` Հայաստանի տարբեր քաղաքներում ու մարզերում շրջելուց, Երեւանում շրջելուց տեսնում եմ այդ բոլոր բռնաճնշումների հեղինակների անուններով փողոցներ, դպրոցներ` Ֆրունզե, Կասյան…Նաիրի Զարյանի անվան դպրոց եւ փողոց, եւ սա այն դեպքում, երբ կարդաք Նաիրի Զարյանի գրածները 37.թ Չարենցի ու Բակունցի մասին, ուղղակի կսարսափեք…

Սարքովի գործեր են եղել 37 թ, եւ շատերը այն ժամանակ հավատացել են դրանց, գլուխը տմբտմբացնելով, թե երեւի մի բան արած կլինեն: Ցավոք, այժմ էլ ունենք քաղաքական հետապնդվողներ, ու մարդիկ նույն ձեւով հավատում են, ինչպես 37 թ-ին էին հավատում»,-ասաց իրավապաշտպանը:

Մեր դիտարկմանը, որ Հայաստանում կարծես դասեր չեն քաղում այս ամենից, ու Հայաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի ռազմավարական գործընկեր, մի երկիր, որտեղ վերածնունդ են տալիս ստալինիզմին, բացվում է նրա անունով կենտրոն, կիսանդրի, այցելում են նրա գերեզմանին, պարոն Իշխանյանը պատասխանեց. «Կարելի է այդ հարցին փիլիսոփայական պատասխանել. եթե մենք այս 25 տարվա ընթացքում ամրապնդած լինեինք մեր պետությունը, այդ ամեն ինչին կարելի էր բացասական պատասխանել, իսկ փիլիսոփայորեն պատասխանս ժպիտն է: Ռուսաստանում դեռեւս չեն ազատվել ամբողջատիրական եւ կայսերական մտածողությունից, որովհետեւ Ստալինը նրանց համար հենց կայսերական մտածողության խորհրդանիշերից մեկն է: Բայց դա Ռուսաստանն է:

Իսկ ինչպե՞ս բացատրել, որ մեզ մոտ մի քանի տարի առաջ, երբ դեռեւս Ռուսաստանում այդ աժիոտաժը չկար, Երեւանի քաղաքապետարանն ուզում էր Միկոյանի արձանը տեղադրել: Արդյոք դա ռուսակա՞ն ազդեցություն էր: Իհարկե` ոչ…Ընդ որում, Միկոյանի արձաններ դեռեւս կան մեզ մոտ, կա Եղեգնաձորում, եթե չեմ սխալվում՝ Էջմիածնում կա, իր հայրենի Սանահին գյուղում էլ կա…Կարելի անընդհատ մտածել, թե Ռուսաստանում տեսեք ինչ է լինում: Բայց դա եկեք թողնենք քաղաքագետներին եւ նախ մեր ներքին կյանքը նայենք»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031