Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն. «Մեր խնդիրը հայ տականքն է»

Օգոստոս 04,2017 14:13

Օգոստոսի 4-ին Հովհ. Թումանյանի թանգարանի մուտքի բացօթյա տարածքում կայացավ «Խավարում» խորագրով ցուցադրության բացումը, որը նվիրվում է խորհրդային բռնատիրության լուսավոր զոհերին:

Ցուցադրությունը պատմում է, թե ինչպես համընկան Մուստաֆա Քեմալի, լենին-ստալինյան բոլշեւիկյան շահերը` ընդդեմ Հայաստանի եւ հայության, ինչպես հայ բոլշեւիկները եղան հակահայ քաղաքականության ինքնամոռաց գործողները:

Ցուցադրության ուղերձներից մեկն էլ այն էր, որ շեշտադրվում էր, թե ինչպես է 1920-1953թթ բոլշեւիկյան բռնաճնշումների զոհ դարձել ավելի քանի 45000 հայաստանցի: Բոլշեւիկյան Ռուսաստանի կողմից 10000000 ռուսական ոսկի, զենք-զինամթերք է անհատույց հանձնվել Քեմալական Թուրքիային` հանուն բոլշեւիկյան հեղափոխության Թուրքիայում եւ Հայաստանի մասնատման:

 Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ ցուցադրության բացումը իր սուրբ պարտականությունն էր:

«Ես սպասում էի 2017թ.-ին, ասում էի` արդյոք կլինե՞մ թանգարանում, թե ոչ… Ինչո՞ւ ծնվեց այս նախաձեռնությունը…նախ 37 թ. Թումանյանի ժառանգներ, որովհետեւ առանցքը դա է եւ իր թանգարանն է սա: Վերջապես ես ինքս բռնադատվածի թոռնուհի եմ: Սա ամենաքիչ լուսաբանված թեման է, այս մասին ամենաքիչն են խոսել»,-ասաց նա:

 Մեր դիտարկմանը, որ այսօր էլ ցուցադրությունը դիտելու եկածները սակավաթիվ են, տիկին Թուխիկյանը պատասխանեց. «Սա կամա-ակամա մարդիկ կարդալու են, քանի որ ցուցահանդեսը կտեւի մինչեւ խորը աշուն: Շատերը կաշկանդված են խորհրդային ռեժիմով, բայց նոր սերունդ ունենք, որը պետք է բացահայտի հայ տականքին: Մեր խնդիրը հայ տականքն է, հայ բոլշեւիկը, որը ինչե՜ր է արել…Մեր խնդիրը Լենինը չէ, բոլշեւիզմը չէ, թուրք մենշեւիզմը չէ, Քեմալը չէ, այլ հենց մեր միջին տականքն է: Թումանյան ասում էր` ներսից ենք փչացած, պիտի մեր մաքրումը լինի մեր ներսից, մինչեւ լուստրացիա չլինի, չիմանանք ով ով է, ով է ԿԳԲ-ի գաղտնի գործակալը, սրիկան,առաջ չենք գնալու եւ հայտնվելու ենք նույն շղթայի մեջ: Այս փաստաթղթերը սոսկալի փաստաթղեր են, կարդում ես ու ապշում ես` սա իսկապե՞ս մենք ենք արել, ազգությամբ «հայե՞րը»…

Միկոյանն ասում է եւս 700 հոգի գնդակահարենք, Ալեքսանդրապոլի բոլշեւիկներն ինքնամոռաց ասում էին` եկեք դասալքություն կազմակերպենք մարտնչող հայոց բանակի մեջ, որպեսզի նրանք հանկարծ թուրքերին չկրակեն, որովհետեւ թուրքերն արդեն բոլշեւիկ են…Արտաշես Կարինյանն ասում էր` հայերը չպետք է հավաքվեն Հայաստանում, նրանց պետք է ցրել լայնածավալ Ռուսաստանի տարածքում…

Եվ երբ ես սա կարդացի, հիշեցի «Համերկրացիներ» ծրագիրը, որ բոլորովին վերջերս Ռուսաստանի դեսպանությունն էր անում, ու մեր կառավարությունը կամ դրա մասին չգիտեր, կամ լռում էր, մինչեւ որ լրատվամիջոցները համապատասխան աղմուկ չբարձրացրին: Հայ մարդիկ կամավոր հրաժարվում էին հայությունից, Հայաստանի քաղաքացիությունից եւ գնում էին Սիբիր աշխատելու, որովհետեւ այնտեղ մի կտոր անսուրբ հաց կար, ինչպես Նժդեհն է ասել: Սա է մեր ցավը, եւ մեր խնդիրը մենք են»:

Նարինե Թուխիկյանի ձեւակերպմամբ. «Քանի մենք կեղտոտ ենք, աշխարհի կեղտը կհավաքվի մեր մեջ, մեր շուրջ եւ մեր երկրում, մինչեւ չմաքրվենք»:

 Իմիջիայլոց, ցուցադրության այցելուներն ասում էին, որ եթե որեւէ մեկն ընդդիմանա կամ բացասաբար արտահայտվի ցուցադրության հասցեին, դա կլինի յուրատեսակ լյուստրացիա:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Vahan Asrabian says:

    Գարեգին Նժդեհը երևի հենց Յովհաննէս Թումանյանի Տուն-Թանգարանի “Խաւարում” ցուցահանդէսը արգելող նեո-բոլշևիկներին է նկատի ունեցել, որ ասել է. «Ամեն ազգ իր տականքն ունի, բայց հայի տականքը ոչ մի ազգ չունի»:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031