Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատաշենի մաքսակետի բաժնի պետը սեռական հայհոյանքներ է տվել քաղաքացուն, բռունցքներով հարվածել նրան

Օգոստոս 04,2017 12:57

Մեզ է դիմել Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Վահե Ավետիսյանը: Նա պատմեց, որ հուլիսի 30-ին ինքը Վրաստանից հյուրեր է ունեցել: Հուլիսի 31-ի վաղ առավոտյան նրանց ճանապարհել է մինչեւ Սադախլո, իր «Օպել» մակնիշի ավտոմեքենայով վերադառնալիս ընտանիքի համար գնել է 10 հատ ձմերուկ: Հուլիսի 31-ին, ժամը 8-ի սահմաններում Բագրատաշենի մաքսակետում նրան հայտնել են, որ ձմերուկները պետք է մաքսազերծի: Վահեն զայրացել է, որ սահմանին ապրող նոյեմբերյանցիները մի քանի ձմերուկը պետք է մաքսազերծեն:

Հետո նա ավտոմեքենան քշել է դեպի ապրանքների զննման վայր, ուր 2 կին եւս սպասում էին, որպեսզի իրենց ապրանքները զննեն: Կանայք Վահեին ասել են, որ զննման գործը կապված է մաքսակետի աշխատող Արթուրի հետ:

Տեսնելով, որ զննման համար ոչ ոք իրենց չի մոտենում, Վահեն ավտոմեքենան քշել է մաքսակետի անցման վայր, որտեղ բանանի արկղի մեջ տեղավորել է ձմերուկները, որպեսզի դրանք չմաքսազերծի, թողնի այդտեղ, հեռանա:

Այդ պահին մաքսակետի աշխատող Արթուրը մոտեցել է: Վահեն պատմում է. «Ագրեսիվ տեսքով էր, զայրացած, ինձ սեռական հայհոյանքներ տվեց, ձեռքով հրեց կուրծքս»: Վահեն բառերով հակադարձել է Արթուրին, որից հետո վերջինս նոյեմբերյանցուն կոպիտ ձեւով մաքսակետի տարածքից դուրս է հրավիրել՝ «հաշիվներ մաքրելու»: Արթուրն իր անձնական օգտագործման ավտոմեքենայով դուրս է եկել մաքսակետի տարածքից: Մաքսակետի մուտքի մոտ, ֆիզիկապես ուժեղ, հաղթանդամ Արթուրը միանգամից հարվածել է Վահեին, դրանից հետո՝ էլի բազմաթիվ հարվածներ հասցրել: Վահեն պատմում է, որ ձեռքերով պաշտպանել է իր գլուխը, իր հնարավորության սահմաններում դիմադրել»:

Նա վկայում է . «Արթուրը կարծում էր, թե ես Կողբի բնակիչ եմ: Ասաց՝ կգամ Կողբի մեջ քեզ կխփեմ, կսատկացնեմ, հայհոյանքներ էր տալիս: Ես նրան ասի՝ քշի Նոյեմբերյան»: Հետո եկել են Բագրատաշենի մաքսակետի աշխատողները եւ Արթուրին տարել մաքսակետ:

Վահեն հեռացել է Բագրատաշենի մաքսակետից, գնացել տուն՝ Նոյեմբերյան, լվացվել, շորերը փոխել: Հետո վերադարձել է մաքսակետ, որտեղ ճշտել է, որ իրեն հայհոյանքներ տված, հարվածներ հասցրած անձը մաքսակետի զննման բաժնի պետ Արթուր Գասպարյանն է: Մաքսակետի աշխատողները Վահեին ներկայացրել են Արթուրին, ասելով. «Ինչո՞ւ ես գլուխդ ցավի մեջ դնում: Արթուրը 7 տարի մաքսանենգության դեմ բաժնում է աշխատել, այնտեղից դուրս են արել, հետո նորից աշխատանքի է ընդունվել, ինքը Ալրաղացի Լյովիկի քրոջ տղան է, գործ չունես»:

Մաքսակետի մուտքի մոտ Արթուր Գասպարյանի կողմից հարվածներ ստանալու ժամանակ Վահեի վզի ոսկե թանկ շղթան պոկվել-կորել է: Իմանալով Արթուր Գասպարյանի հեռախոսահամարը, Վահեն զանգահարել է, նրան հայտնել այդ մասին: Հետո շղթան Վահեի ավտոմեքենայի մեջ գտնվել է, նա այդ մասին հեռախոսազանգով տեղյակ է պահել Արթուրին: Այդ հեռախոսազանգի ժամանակ, որի ձայնագրությունը առկա է Վ. Ավետիսյանի հեռախոսում, լսվում է , թե ինչպես Արթուր Գասպարյանը Վահեին դիմում «արայով», վիրավորում նրան, խոստանում գալ Նոյեմբերյան եւ Վահեի տան մեջ նրա «պատասխանը տալ»:

Օգոստոսի 2-ին Վահե Ավետիսյանը զանգահարել է ՊԵԿ «թեժ գիծ» ներկայացել իր հետ կատարվածը: Դրանից հետո Արթուր Գասպարյանը բազում մարդկանց, ովքեր Վահեին ծանոթ են, խնդրել է, որպեսզի նրանք Վահեի մոտ միջնորդեն՝ բողոքին ընթացք չտալու համար: Վահե Ավետիսյանը հայտնեց , որ Արթուր Գասպարյանը Բագրատաշենի մաքսակետում նախկինում շատ քաղաքացիների է կոպտել, հայհոյել, սակայն միշտ անպատիժ է մնացել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031