Բասկետբոլի Մ 16 տարեկան տղաների Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ Արեգ Վաթյանը Եվրոպայի «C» դիվիզիոնի առաջնություն մեկնելուց առաջ մի փոքր մտավախություն է ունեցել: Այդ մասին նա խոսեց երեկ հրավիրված մամուլի ասուլիսում:
«Պատրաստվելու շատ կարճ ժամանակ ենք ունեցել, բայց պարզ գիտակցում էինք, թե ուր ենք գնում եւ ինչ խնդիրներ ունենք: Հաջողության հասնելու հավատը մեզանում ավելանում էր խաղից խաղ: Ջիբրալթարի նկատմամբ առաջին հաղթանակից հետո թիմում տրամադրությունը միանգամից փոխվեց. հավատացինք, որ կարող ենք հասնել եզրափակիչ:
Մեզ շատ օգնեցին Թբիլիսիում Վրաստանի հավաքականի հետ ընկերական խաղերը: Այլապես դժվար թե կարողանայինք հաջող հանդես գալ»,- ասաց Արեգ Վաթյանը:
Մարզչի խոսքերով` Գեորգի Շախնազարովը փայլուն մասնակցեց խաղերին եւ առաջնության լավագույն խաղացողի մրցանակն արժանիորեն ստացավ: «Գեորգին մեր թիմի հոգին էր եւ լավագույն խաղացողը: Լինելով բասկետբոլի համար կարճահասակ` ընդամենը 182 սմ, նա բոլորին զարմացրեց իր արդյունավետությամբ եւ խաղային որակներով»,- նշեց Արեգ Վաթյանը:
Մ 16 տարեկան աղջիկների Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ Վահագն Հարությունյանն էլ ասաց. «Մեկ ամիս նախապատրաստվել էինք: Բավական լավ թիմ ունենք, չնայած միշտ ավելին եմ պահանջում աղջիկներից: Եվրոպայի առաջնությունում թույլ մրցակիցներ չկային, բացի Ջիբրալթարից: Աղջիկները ներդրեցին՝ ինչ ունեն, իսկ դրան ավելացավ նաեւ այն, որ մարզական բախտն այս անգամ մեր կողմն էր:
Առաջնության լավագույն բասկետբոլիստ ճանաչված Աննա Ասլանյանի մասին կարելի է երկար խոսել: Նա իր տեխնիկական որակներով շատ է տարբերվում մնացած խաղացողներից եւ կարող է հաջողությամբ հանդես գալ նաեւ «B» դիվիզիոնում: Բասկետբոլը թիմային խաղ է, եւ խաղացողն առաջինը պետք է կարեւորի թիմը, հետո միայն անձնական հաջողությունը: Աննան հենց այդպիսի բասկետբոլիստ է»:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
04.08.2017