Լրահոս
Օրվա լրահոսը

Սեֆիլյանը բերվեց նիստերի դահլիճ. «Դուք միտումնավոր պաշտպաններիս թույլ չեք տալիս ներկա լինել» (Տեսանյութ)

Օգոստոս 04,2017 11:56

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների» գործով դատական նիստն է: Ամբաստանյալներ Ժիրայր Սեֆիլյանը, Հրայր Թոփչյանը, Սասունիկ Կիրակոսյանը, Գալուստ Գրիգորյանը, Ներսես Պողոսյանը եւ Գևորգ Սաֆարյանը որոշակի ժամանակահատվածով հեռացված են նիստերից՝ դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի՝ դատավորին գալուն պես ոտքի չկանգնելու եւ տեղից խոսելու համար: Դահլիճ է բերվում միայն Սեֆիլյանի դեմ ցուցմունք տված անձը՝ ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանը:

Ազատամարտիկ, «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման անդամ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու փորձի մեջ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը:

Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանը գրություն էր ուղարկել դատավոր Տաթեւիկ Գրիգորյանին առ այն, որ նախապես նշանակված մեկ այլ նիստի է մասնակցում եւ խնդրում է սույն գործով նիստերը ուրբաթ օրերին չնշանակել: Դատավորը, սակայն, արձանագրեց, որ փաստաբանն իրավական օգնության պայմանագիր ստորագրելուց առաջ պետք է հաշվի առնի իր զբաղվածությունը, իսկ այս գործով նիստերը մշտապես ընթանալու են ուրբաթ օրերին:

Դատավորը նշեց, որ Զաքարյանն ընդհանուր առմամբ՝ երեք դատական նիստ է՝ չի ներկայացել, ուստի նիստերի դահլիճ բերվեց Ժիրայր Սեֆիլյանը՝ կարծիք արտահայտելու: «Իմ պաշտպանների ազգանունները Ձեզ լավ հայտնի են: Դուք միտումնավոր նրանց թույլ չեք տալիս ներկա լինել: Իմ բացակայության ժամանակ որեւէ պաշտպան իրավունք չունի այստեղ գտնվել»,- դատավորին ասաց Ժիրայր Սեֆիլյանը, այնուհետեւ ոստիկանները տարան նրան:

Նիստը դեռեւս անհասկանալի պատճառներով ընդմիջվեց: Հավանաբար, Տաթեւիկ Գրիգորյանը որոշում է կայացնելու Արա Զաքարյանին սանկցիայի ենթարկելու կամ Սեֆիլյանի համար հանրային պաշտպան ներգրավելու մասին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031