Ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու եւ դրա հետ կապված դեպքերի մեկ տարին լրանալու համատեքստում հանրային հարթակներում ծավալված քննարկումների ընթացքում վերստին արծարծվեց այն գնահատականը՝ զինված խմբի գործողություններն ահաբեկչությո՞ւն էին, թե՞ ոչ: Բնականաբար տարբեր եւ հակամետ տեսակետներ հնչեցին:
Ամեն պարագայում, կա մի գնահատական, որ իրավական արծարծումներ գուցեեւ չունի, սակայն, կարծում ենք, միանգամայն որոշակիորեն է բնորոշում մեկ տարի առաջ զինված խմբի կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումն ու հաջորդող շաղկապված անցքերը։ Դրանք բնութագրվում են որպես արկածախնդրություն (ավանտյուրա):
Ու այժմ, երբ անցյալ տարվա դեպքերի առիթով հրապարակային հայտարարություններով ու հոդվածներով հանդես են գալիս զինված խմբի փաստացի ղեկավարները՝ ի դեմս Ժիրայր Սեֆիլյանի, Գարեգին Չուգասզյանի, Վարուժան Ավետիսյանի, Կարո Եղնուկյանի, ավելի է ընդգծվում այդ բնորոշման հիմնավորվածությունը: Իսկապես որ՝ արկածախնդրություն:
Այս անձանց ու նրանց փոքրաքանակ հետեւորդների ելակետային դրույթներն են՝ Հայաստանը գաղութացված է Ռուսաստանի կողմից, պետք է թոթափել «գաղութատիրական լուծը», «վերանայել տարածաշրջանի ճարտարապետությունը», հանրագումարում ձեւավորել հայ-ամերիկյան ռազմավարական դաշնակցություն:
Օրերս նրանք աշխարհաքաղաքական վերլուծության հավակնությամբ անգամ նման ուտոպիստական դրույթներով գերհագեցած համատեղ հոդված հրապարակեցին:
Ի վերջո, այն, ինչ ասում են հիշյալ անձինք, մարդկանց մի փոքր խմբի, անգամ՝ խմբակի մտասեւեռման արգասիք կարող է ընկալվել, իսկ որպես ծրագիր՝ բացահայտ արկածախնդրություն: Մանավանդ երբ այդ փոքրաքանակ խմբակը բացահայտ դիմում է զենքի եւ փորձում զենքի գործադրմամբ ու սպանության սպառնալիքով ու հենց սպանություններ կատարելով՝ զավթել իշխանությունը, ամենակարեւորը՝ հարվածի տակ դնել պետականությունը։
Թե ինչո՞վ իրենց ասած «ռազմավարական դաշնակցությունը» գաղութատիրության տարբերակ չէ, ոչ ոք չի էլ փորձում դիտարկել: Երեւի այն պատճառով, որ «հայ-ամերիկյան» են իրենք այն կնքել:
Հեղինակները, իհարկե, այնքան միամիտ չեն, որ չհասկանան՝ տարածաշրջանի ճարտարապետությունը վերանայելու համար Հայաստանը գոնե պատմականին մի քիչ մոտ տարածքներ պետք է ունենա: Եվ թղթի վրա արագորեն միավորում են Հայաստանը: Ու հարց է ծագում, թե այդ ո՞ր գերտերությունն է դա հանդուրժելու կամ թույլ տալու:
Քարը՝ գերտերությունների քարտեզների վրա, իրենց այդքան գովաբանած ԱՄՆ-ը, որ հանուն Թուրքիայի հետ հարաբերությունների, անգամ Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց է մշտապես խուսափում, Ժիրայր Սեֆիլյանի ու Վարուժան Ավետիսյանի հետ ծածուկ պայմանավորվածությո՞ւն ունի Հայաստանն ընդարձակելու:
Մ. Սահակյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում