Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան-ՆԱՏՕ գերազանց համագործակցություն. Ե՞րբ կժամանի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Երեւան

Օգոստոս 04,2017 12:00

Սկիզբը` այստեղ

Ռուսաստան-Միացյալ Նահանգներ սրված հարաբերությունների, ողջ աշխարհում, ինչպես նաեւ Հարավային Կովկասում ստեղծված իրադրության պայմաններում Հայաստանին խիստ անհրաժեշտ է որոշակի ճկունություն ցուցաբերել տարածաշրջանային գործընթացներին մասնակցության առումով: Արեւմուտքի հետ հարաբերությունները հնարավորինս զարգացնելու կենսական նշանակությունը, թերեւս, մեր իշխանությունները գիտակցում են, թեեւ ստիպված են լինում հաճախ խոսել ԵԱՏՄ-ի «լայն հնարավորությունների» մասին:

Վրաստանում ընթացող ՆԱՏՕ-ի Noble Partner-2017 զորավարժություններին առաջին անգամ Հայաստանի մասնակցությունը ոչ միայն ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական քաղաքականության որոշակի խորացման, այլեւ քաղաքական, անվտանգության առումով հավասարակշռման քայլ է:

Նույնիսկ ԵԱՏՄ-ին անդամակցող Հայաստանի իշխանությունները, թերեւս, գիտակցել են, որ Ռուսաստանի ազդեցության այսչափ մեծացումը Հայաստանի համար այնքան էլ ձեռնտու չէ: Ինչ վերաբերում է կոնկրետ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների զարգացմանը, ապա պետք է նկատել, որ այդ ուղղությամբ այս տարին ուշագրավ իրադարձություններով էր հարուստ:

Նախ` հիշեցնենք, որ այս տարի լրանում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Հայաստանի համագործակցության 25-ամյակը: 1992 թվականին նորանկախ Հայաստանն անդամակցեց Հյուսիսատլանտյան համագործակցության խորհրդին՝ հիմք դնելով ՆԱՏՕ-ի հետ գործընկերային հարաբերությունների ձեւավորմանը:

Հունիսին Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը Երեւանում արձանագրեց, որ ՆԱՏՕ-Հայաստան հարաբերություններում առաջընթացը նշանակալի է. «ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների մասին խոսելիս ուզում եմ մեջբերել վերջերս պաշտպանության նախարարի հետ իմ զրույցից՝ գերազանց գործնական գործակցություն ունենք բազմաթիվ ուղղություններով՝ առանց ավելորդ լուսաբանման կարիքի, առաջընթացը նշանակալի է»:

Հունիսի 13-ին Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը Ջեյմս Ապատուրայը դաշինքի անունից երախտագիտություն հայտնեց Հայաստանին Աֆղանստանում եւ Կոսովոյում խաղաղության հաստատման գործողություններին մասնակցության եւ միջազգային խաղաղապահ առաքելություններին ունեցած ներդրման համար՝ ընդգծելով, որ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններն այս տարիներին զարգացել են վստահության եւ փոխըմբռնման մթնոլորտում, ապա նշել է, որ Երեւանից հեռանալու է այդ արդյունավետ համագործակցությունը շարունակելու հաստատակամությամբ:

Հունիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցում էր Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած «Վճռական աջակցություն» գործողության մասնակից պետությունների պաշտպանության նախարարների նիստին, որի հիմնական արդյունքները լրատվամիջոցներին է ներկայացրել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։ Նիստի ավարտից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերի հետ երկկողմ հանդիպման ընթացքում քննարկվել էին Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Հայաստանի համագործակցության ընթացքն ու ապագա ծրագրերը, ներկայացվել էր Հայաստանում ընթացող պաշտպանական բարեփոխումների շրջանակը, տեսակետներ էին փոխանակվել դրանց իրականացման գործում ՆԱՏՕ-ի օժանդակության հնարավորությունների ու ձեւաչափի վերաբերյալ։

Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններում տպավորիչ մակարդակի մասին էր վկայում այս տարի փետրվարի 26-28-ը Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բրյուսել, որի ընթացքում նա բարձր մակարդակի հանդիպումներ ունեցավ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրոպական hանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի, Եվրոպական միության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի, Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանիի, ինչպես նաեւ Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ:

Փետրվարի 27-ին Սերժ Սարգսյանն այցելեց ՆԱՏՕ-ի կենտրոնակայան, որտեղ էլ կայացել էր նրա հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ: Սարգսյան-Սթոլթենբերգ բանակցությունների արդյունքներն ամփոփվեցին համատեղ մամուլի ասուլիսով: Սերժ Սարգսյանը, մասնավորապես, նշեց, որ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները, որոնք հիմնված են հստակ գիտակցված ընդհանուր շահերի եւ անհրաժեշտության վրա, ունեն բավական հարուստ օրակարգ, որ այն ներառում է թե՛ ամենաբարձր մակարդակներում քաղաքական երկխոսություն եւ թե՛ գործնական համագործակցության բազմաթիվ օրինակներ:

«Գլխավոր քարտուղարի հետ մենք երկուստեք կարեւորեցինք քաղաքական երկխոսության ներկայիս մակարդակի պահպանումն ու պարբերական շփումների շարունակականությունը, ինչպես նաեւ քննարկեցինք ՆԱՏՕ-ի հետ մեր գործընկերային հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր»,- նշել էր Սերժ Սարգսյանը` տեղեկացնելով, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հրավիրել է Հայաստան: «Հայաստանը շարունակում է իր կարեւոր ներդրումն ունենալ միջազգային խաղաղության ու կայունության հաստատման հավաքական ջանքերում՝ անվտանգության սպառողից վերածվելով անվտանգության մատակարարողի: Հայաստանն ինքը, ունենալով անվտանգային լուրջ մարտահրավերներ, իր նպաստն է բերում աշխարհի այլ կետերում անվտանգության ու կայունության գործին, քաջ գիտակցելով, թե որքան է աշխարհն այսօր փոխկապակցված, եւ որ այլեւս չկան առանձին պետությունների անվտանգային մարտահրավերներ: Դրանք պատկանում են առանձին երկրների եւ բոլորին»:

Ամփոփելով խոսքը՝ Սերժ Սարգսյանը վերահաստատել էր Հայաստանի հանձնառությունը` շարունակելու աշխույժ դրական օրակարգ ձեւակերպել Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության եւ դրա անդամ պետությունների հետ՝ միջազգային խաղաղության եւ անվտանգության հետագա ամրապնդման նպատակով, եւ հույս էր հայտնել, որ ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ իր հաջորդ հանդիպումը կկայանա Երեւանում:

Իսկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն իր հերթին ողջունել էր այն գործընկերությունը, որ երկար տարիների ընթացքում զարգացրել են ՆԱՏՕ-ն ու Հայաստանը: «Դա լավ է ե՛ւ Հայաստանի, ե՛ւ ՆԱՏՕ-ի համար: Ես ողջունում եմ այն, որ մենք մեր հանդիպման ընթացքում քննարկեցինք, թե ինչպես կարող ենք առաջ մղել մեր գործընկերությունը եւ շարունակել ամրապնդել Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ համագործակցությունը»: Պարոն Սթոլթենբերգը շեշտել էր, որ ՆԱՏՕ-ն հանձնառու է աշխատել ինչպես Հայաստանի, այնպես էլ մյուս գործընկերների հետ, որովհետեւ համագործակցությունը ՆԱՏՕ-ի եւ Հայաստանի միջեւ բխում է երկու կողմերի շահերից էլ. «Այժմ մենք մշակում ենք նոր Անհատական գործընկերության գործողությունների ծրագիր, որ համապատասխանեցված է Ձեր կարիքներին եւ պահանջներին: Առավել սերտ համագործակցության ներուժ եմ տեսնում փոխգործակցելիության, պաշտպանական բարեփոխումների եւ այդ ոլորտում կրթության բնագավառներում: ՆԱՏՕ-ն եւ մեր դաշնակիցները ունեն զգալի փորձառություն պաշտպանության եւ անվտանգության ոլորտների բարեփոխումների համար: Հայաստանը կարող է ապավինել այդ ռեսուրսներին»:

Այսպիսով, պետք է արձանագրել, որ Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությունն այս տարիների ընթացքում աճել ու շարունակաբար համալրվել է նոր բովանդակությամբ՝ դառնալով Հայաստանի բազմաշերտ անվտանգության համակարգի բաղադրիչներից մեկը, եւ այն մակարդակը, որն այսօր առկա է այդ հարաբերություններում, ոչ միայն պետք է պահպանել, այլեւ հնարավորինս խորացնել:

Սկիզբը` այստեղ

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 03.08.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031