Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿԸ ՄՅՈՒՍԻՑ ՀԱՋՈՂ

Օգոստոս 04,2017 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ իննսունվեցերորդ

ՄԵԿԸ ՄՅՈՒՍԻՑ ՀԱՋՈՂ

Եվ Ֆրունզիկն ասաց՝ «էրեխեքի կենացն առաջին հերթին ա էս կենացի մեջ մտնում, որովհետեւ էրեխեքն ամենից շատն են լիմոնադ խմում», եւ Ֆելոն ինքնագոհ ժպտալով ասաց՝ «փաստորեն, մեր սաղ ժողովրդի  կենացն ա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «փաստորեն, բոլորիս կենացներն էս կենացի մեջ տեղավորվում են», եւ Վոլոդյան անսպասելի ասաց՝ «իմ կենաց էս կենացի մեջ չտեղավորվել», եւ Ֆելոն Վոլոդյային զարմացած հարցրեց՝ «ո՞նց չտեղավորվել», եւ Վոլոդյան մեղավոր ժպտալով ասաց՝ «պատամուշտո յա նի խայ» եւ մեղավոր ժպտալով ավելացրեց՝ «վի զա վաշեվո նառոդա պյոծե», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու Վոլոդյային ասաց՝ «մենք ոչ թե մեր ազգի կենացն ենք խմում, այլ՝ մեր ժողովրդի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «դու էլ ես մեր ժողովրդի մեջ մտնում, Վոլոդյա ջան», եւ Ֆրունզիկը հիացած նայեց Ֆելոյին ու ասաց՝ «դու հաստատ ռեժիսոր դառար, Ֆելո ջան» եւ մի քիչ  մտածեց ու ավելացրեց՝ «մենք, փաստորեն, բոլոր ժողովուրդների կենացն ենք խմում, որովհետեւ բոլոր ժողովուրդներն էլ լիմոնադ խմում են»,  եւ հայրս ասաց՝ «սրանից ավելի կոլեկտիվ կենաց հնարավոր չի պատկերացնել», եւ Վոլոդյան բաժակը բարձրացնելով ու ժպտալով ասաց՝ «զա նաս», եւ հայրս բաժակը բարձրացնելով ու Վոլոդյայի բաժակին խփելով ասաց՝ «որ հայ ազգի կենացը խմեինք, էլի քո կենացը մեջն էր մտնելու, Վոլոդյա ջան» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «որովհետեւ մենք քեզ հայ ենք համարում», եւ Ֆելոն ժպտալով ասաց՝ «Վոլոդյան շատ հայերից ավելի հայ ա», եւ Ֆրունզիկը ժպտալով  Ֆելոյին ասաց՝ «էդ արդեն սուտ ասեցիր, Ֆելո ջան», եւ Ֆելոն զարմացած հարցրեց՝ «ի՞նչը սուտ ասեցի, ընկեր Մկրտչյան», եւ Ֆրունզիկն ասաց՝ «հնարավոր չի, որ Վոլոդյան հայերից ավելի հայ լինի», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինքն ընդամենը տասը տարի ա՝ Հայաստանում ա, բայց մեր պատմությունը մեզնից լավ գիտի», եւ Ֆրունզիկը մի  քիչ մտածեց ու ասաց՝ «կարող ա մեր պատմությունը մեզնից լավ իմանա, բայց դժվար թե մեզնից ավելի հայ լինի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելի լրջանալով ավելացրեց՝ «հայ լինելը ոչ թե որակի նշան ա, այլ՝ ճակատագիր» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «մենք մեր հանճարներով՝ մեր Թումանյանով, մեր Թամանյանով ու մեր մյուս մեծերով հպարտանում ենք, բայց մոռանում ենք, որ մեր վատերն էլ են հայ», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «բայց մենք լավերի կենացն ենք խմում, ընկեր Մկրտչյան», եւ ես ժպտալով ասացի՝ «բայց վատերն էլ են լիմոնադ խմում» եւ ժպտալով ավելացրի՝ «լիմոնադ խմողների կենացն ենք խմում», եւ Ֆրունզիկը ժպտալով ասաց՝ «ամենաճիշտը ես ու Արմենչոն ենք», եւ Ֆելոն Ֆրունզիկին հարցրեց՝ «ի՞նչ իմաստով եք ճիշտ», եւ Ֆրունզիկը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «էն իմաստով ենք ճիշտ, որ ես ու Արմենչոն լիմոնադ խմողների կենացը լիմոնադով ենք խմում», եւ ես ժպտալով ասացի՝ «երեւի աշխարհում առաջինն ենք, որ լիմոնադ խմողների կենացը լիմոնադով ենք խմում», եւ հայրս թարս նայեց ինձ ու ասաց՝ «դու հաստատ աշխարհում առաջինն ես, որ էդ տարիքում չայի բաժակով արաղ ես խմում», եւ Ֆրունզիկը ժպտալով ասաց՝ «մարդու անցյալը էրեսով չեն տա, Ուստա Հակոբ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ես ու Արմենչոն արդեն ճիշտ ճանապարհի վրա ենք» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «տարոսը ձեզ», եւ հայրս մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մենք չխմելու ոչ մի պատճառ չունենք» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մենք ոչ անչափահաս ենք, ոչ էլ ներկայացման ենք», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ժպտալով հորս ասաց՝ «էրկու միտք ասեցիր, էրկուսն էլ՝ սխալ», եւ հայրս ժպտալով Ֆրունզիկին հարցրեց՝ «ի՞նչն եմ սխալ ասել», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու Գյումրվա բարբառով ասաց՝ «ըդիկ դեռ հարց է՝ մենք ենք ավելի չափահաս, թե՝ Արմենչոն» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «իրա մեծավարի րախի խմելը նկատի չունեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «իրա մեծավարի մտքերն ու  խորաթեքը նկատի ունեմ», եւ հայրս նայեց ինձ, հետո նայեց Ֆրունզիկին ու ասաց՝ «ընդամենը  էրկու ամիս առաջ ա տասը լրացել», եւ ես ժպտալով  ասացի՝ «արդեն էրկու ամիս ա՝ տասնմեկի մեջ եմ», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «տարիքը ոչ մի կապ չունի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ես էլ երեսունչորսի մեջ եմ, բայց չեմ կրնա ըսեմ թե՝ չափահաս եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու թախծոտ ժպտալով ասաց՝ «Քրիստոսից տարիքով մեծ եմ, բայց  ընդամենը Գվիդոն եմ խաղացել», եւ ես ժպտալով ասացի՝ «Գարսեւան էլ եք խաղացել», եւ Ֆրունզիկը նայեց հորս ու ժպտալով ասաց՝ «որ ասում եմ՝ չափահաս ա, չես հավատում», եւ Ֆելոն Ֆրունզիկին ասաց՝ «լիքը ուրիշ դերեր էլ եք խաղացել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «մեկը մյուսից հաջող»:

 

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031