Երեք տարի առաջ այս օրը՝ օգոստոսի 3-ին քսան հազար եզդիներ սպանվեցին, 3 հազարից ավել եզդի կանայք եւ երեխաներ այս պահին գտնվում են գերության մեջ:
Այսօր եզդի համայնքի մի խումբ ներկայացուցիչներ Ազատության հրապարակում բողոքի ակցիա եւ մոմավառություն իրականացրին ի հիշատակ զոհված ու գերության մեջ գտնվող իրենց հայրենակիցների: Եզդիների ազգային կոմիտեի նախագահ Խդր Հաջոյանի խոսքով, այս պահին բողոքի ակցիաներ են տեղի ունենում նաեւ Ռուսաստանի քաղաքներում.
«2014 թվականին Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը մուտք գործեց Իրաքի հյուսիսային մասում գտնվող եզդիական Շանգալ տարածաշրջան եւ ցեղասպանության ենթարկեց տեղի եզդիներին»:
Ըստ Խդր Հաջոյանի, 600 հազար եզդի դարձան փախստական:
Մանրամասները՝ տեսանյութում:
Եզդիների ազգային կոմիտեի փոխնախագահ Սաշիկ Սուլթանյանի խոսքով կատարվածը, միանշանակ, ցեղասպանություն է. «Հայաստանը պետք է դիտել երկու ասպեկտով՝ համաշխարհային հանրության անդամ եւ երկիր, որտեղ ապրում են եզդի համայնքի ներկայացուցիչներ: Հայաստանն այն առաջին երկրներից է, որը եզդիների ցեղասպանության վերաբերյալ արձագանք հայտնեց, ՀՀ նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից դատապարտեց եզդիների ցեղասպանությունը: Այս առումով շատ կարեւոր է Հայաստանի կողմից կատարված քայլերը, մյուս կողմից մենք կարող ենք անել ավելին»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ