Արցախի Տիգրանակերտում հուլիսի 3-ին մեկնարկել է հնագիտական պեղումների հերթական փուլը: Aravot.am-ը զրուցել է հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանի հետ:
«Արդեն ուղիղ մեկ ամիս է ինչ սկսել ենք այս տարվա աշխատանքները, իսկ ընդհանուր արդեն 13-րդ տարին է, ինչ շարունակում ենք պեղումներ իրականացնել այստեղ:
Այժմ աշխատանքները ընթանում են հնավայրի հյուսիսային պարսպապատ հատվածում և վաղ քրիստոնեական հրապարակում: Հյուսիսային պարսպապատ հատվածում պարիսպներն ենք բացում, նոր աշտարակ ենք բացում, իսկ վաղ քրիստոնեական հրապարակում հայտնաբերել ենք վաղ քրիստոնեական ժամանակաշրջանի խոյակ»,-պարզաբանում է Համլետ Պետրոսյանը:
Արշավախմբի ղեկավարը նշում է, որ այս մեկ ամսվա ընթացքում ամրացված թաղամասում նաև պեղվել է կարասային թաղում՝ շատ հետաքրքիր նյութերով, որը թվագրվում է մ.թ. 2-3 դարերին. «Կարասային թաղումներ շատ ենք պեղել և պետք է նշեմ, որ Արցախում շատ տարածված է այն: Ուղղակի ամրացված թաղամասում կամ Տիգրանի կառուցած ամրոցի ներսում առաջին անգամ է, որ կարասային թաղում է հանդիպում: Իսկ ընդհանուր առմամբ՝ նախքան քրիստոնեությունը դա թաղումային ամենատարածված տեսակն է եղել մեր տարածքում՝ տարածվելով մինչև Քուռ գետ և, փաստորեն, ցույց տալով հայ էթնիկական մշակույթի սահմանները: Այդ առումով ևս կարասային թաղումների հետազոտությունը շատ ուշագրավ է»:
Համլետ Պետրոսյանը ընդգծում է՝ ամեն տարի Տիգրանակերտում հայտնաբերվում է 1500-ից 3000 միջնադարյան ջնարակապատ խեցեղենի բեկորներ. «Ոչ մի միջնադարյան հնավայրում այդքան հարուստ նյութ չկա, ինչքան Տիգրանակերտում»:
Նշենք, որ անցյալ տարի Տիգրանակերտում հնագիտական աշխատանքները իրականացվել են չորս հիմնական հատվածներում՝ ամրացված թաղամասի հյուսիսային պարսպապատ հատվածում, նույն թաղամասի հարավարևելյան դարավանդային հատվածում, վաղ քրիստոնեական հրապարակում և կատարվել է մեկ դամբարանի պեղում՝ արևելյան դամբարանադաշտում:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ