Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում նախկին ամուսնու կողմից կացնահարված Թագուհի Մանսուրյանի գործով դատական հերթական նիստն էր:
Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 8-ին Երեւանի Սողոմոն Տարոնցի նրբանցքի 7-րդ շենքի շքամուտքի աստիճանների վրա տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Վլադիկ Մարտիրոսյանը կացնով բազմաթիվ հարվածներ էր հասցրել զոքանչին՝ Կարինե Մանսուրյանին, նախկին կնոջը՝ Թագուհի Մանսուրյանին, եւ աներոջը՝ Վաչագան Մանսուրյանին: Արդյունքում 64-ամյա Կարինե Մանսուրյանը մահացել էր, իսկ հայր ու դուստր մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, որոնք հետագայում՝ ապաքինվելուց հետո դուրս են գրվել հիվանդանոցին:
Այս գործով նախկին նիստին ապացույցների հետազոտությունն էր, նախկին նիստում նախատեսվում էր գործով վկային հարցաքննել, սակայն վերջինս չէր ներկայացել դատարան:
Այսօր վկա Մարիամ Չարչյանը ներկայացել էր դատարան եւ հարցաքննվում էր: Չարչյանը Վլադիկ Մարտիրոսյանի ծանոթն է: Նա վստահեցրեց, թե Մարտիրոսյանի հետ ծանոթացել է դեպքից մոտ մեկ ամիս առաջ, եւ մոտ 10 անգամ են հանդիպել: Իսկ կացնհարումից հետո նրանք չեն շփվել:
Մանրամասները` տեսանյութում
Դատախազը հարց ուղղեց վկային, թե մեղադրյալ Մարտիրոսյանի վարքագծում որեւէ տարօրինակ բան նկատե՞լ է, թե՝ ոչ, ինչին ի պատասխան վկան ասաց, որ Մարտիրոսյանը մշտապես ասում էր, որ Թագուհին թույլ չի տալիս տեսնել իրենց երեխային. Եւ հերթական նման մերժումից հետո Վլադիկ Մարտիրոսյանն ասել է՝ «Ես վերջը դրանց մորթելու եմ»: Ճշտող հարցին՝ մորթելու է ո՞ւմ, միայն Թագուհո՞ւն, վկան ասաց՝ «Ե՛ւ Թագուհուն, ե՛ւ նրա մորը»:
Մանրամասները շուտով տեսանյութում
Վկա Չարչյանը նաեւ ասաց, որ ինքը Վլադիկի խնդրանքով զանգահարել է Թագուհի Մանսուրյանին եւ խնդրել թույլատրել Վլադիկին տեսնել իր երեխային, սակայն Թագուհին մերժել է, ասելով՝ «Ալիմենտ չի վճարում, չեմ թողնի տեսնի»: Վկա Չարչյանի պատմելով, Վլադիկ Մարտիրոսյանը անգամ լաց է եղել, որ նախկին կինն արգելել է տեսակցել երեխային:
Մեղադրյալ Վլադիկ Մարտիրոսյանը հարց ուղղեց վկային, թե վերջինս հիշո՞ւմ է արդյոք, որ ինքը պատրաստվում էր ալիմենտը վճարել, վկան բացասական պատասխան տվեց, վստահեցնելով՝ «Ոչ, չեմ հիշում»:
Վլադիկ Մարտիրոսյանը դատարանում հայտարարեց, որ ինքը մի քանի անգամ երեխային նվեր է ուղարկել, սակայն Թագուհի Մանսուրյանը հրաժարվել է այն ընդունել:
Վկան հարցաքննության ժամանակ ասաց, որ Վլադիկ Մարտիրոսյանի բազկին ինչ-որ կապտուկ է նկատել, Մարտիրոսյանը վստահեցրել էր՝ Թագուհին իրեն բռնության է ենթարկել:
Մանսուրյանի եւ Մարտիրոսյանի երեխայի տեսակցության գործով վարչական դատարանում քննվում է ԴԱՀԿ-ի հայցադիմումը՝ Թագուհի Մանսուրյանին պատասխանատվության ենթարկել՝ երեխային տեսակցելու արգելքի համար: Այս մասին Մանսուրյանի պաշտպանը հայտարարեց դատարանում: Ինչին դատավոր Դավիթ Բալայանն արձագանքեց՝ «Իրանք մեզանից երկար են քննում, չէ՞»:
Դատարանում ապացույցների հետազոտության ժամանակ դատավորը ներկայացրեց դատաբժշկական եւ դատահոգեբանական եւ այլ փորձաքննությունների եզրակացությունները, ըստ դրանցից մեկի՝ Վլադիկ Մարտիրոսյանը չի գտնվել կոմուլյատիվ աֆեկտի տակ, նրա մոտ հայտնաբերվել են վարքի ագրեսիվ դրսեւորումներ:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 12-ին, ժամը 12.30-ին:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ