Փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության գործով դատական նիստին այսօր դատարանը հետազոտեց գործին վերաբերող գրավոր ապացույցները, ներքին դիտումները՝ սկավառակով:
Ներքին դիտումների սկավառակում սպանության մեջ մեղադրվող Գևորգ Զոհրաբյանը եւ Արթուր Միհրանյանը ներկայացնում էին սպանության մանրամասները:
Գեւորգ Զոհրաբյանը դեպքի օրվա վերաբերյալ մանրամասներ ներկայացրեց՝ պնդելով, որ ինքը սպանությանը մասնակցություն չի ունեցել: Ըստ նրա, սպանությունը կատարել է Արթուր Միհրանյանը:
Արթուր Միհրանյանը պատմում էր, որ համատեղ են կատարել հանցանքը: Ըստ Գեւորգ Զոհրաբյանի՝ ինքը որեւէ առնչություն չի ունեցել դեպքին, հանցանքի կատարմանը չի մասնակցել:
Հիշեցնենք, որ Գևորգ Զոհրաբյանին և Արթուր Միհրանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք նախնական համաձայնությամբ խմբի կազմում վստահությունը չարաշահելու և խաբեության միջոցով գաղտնի առևանգել են Կարեն Վարդանյանին, այնուհետև խմբի կազմում շահադիտական դրդումներով, դիտավորությամբ, ապօրինաբար զրկել կյանքից, ինչից հետո միասին նախնական համաձայնությամբ, խմբի կազմում գաղտնի հափշտակել Կարեն Վարդանյանի զգալի չափի գույքը:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 21-ին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ