2016թ. սեպտեմբերի 18-ին կայացան խոշորացված Նոյեմբերյան համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ: Խոշորացված Նոյեմբերյան համայնքը ներառում է Նոյեմբերյան քաղաքը եւ սահմանամերձ Բարեկամավան, Կոթի, Ոսկեվան, Ոսկեպար, Բաղանիս, Ջուջեւան, Դովեղ եւ Բերդավան գյուղերը:
2017թ. հուլիսի 27-ին կայացած Տավուշի մարզխորհրդի նիստում Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական վարչության պետ Ռոբերտ Ներսիսյանը հայտարարեց,որ խոշորացված Նոյեմբերյան համայնքի ձեւավորման արդյունքում համայնքապետարանի աշխատակիցների թիվը կրճատվել է 52-ով, 2016-ի 190 աշխատողի փոխարեն 2017թ.-ին աշխատողների թիվը եղել է 138, աշխատավարձի մասով տնտեսումը կազմել է 24 միլիոն դրամ:
Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանից տեղեկացանք, որ աշխատողների կրճատումներից հետո Նոյեմբերյանի մարզադպրոցում աշխատող է ընդունվել, Բերդավանի եւ Ջուջեւանի մանկապարտեզներում խմբեր են ավելացել,այդ պատճառով աշխատողների թիվն ավելացել է, ընդհանուր առմամբ՝ 5 մարդ է աշխատանքի ընդունվել:
2017թ. նոյեմբերի 5-ին կայանալու են խոշորացված Բերդ համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ, միավորվելու են Բերդ քաղաքը եւ սահմանամերձ տարածաշրջանի 16 գյուղեր: Սպասվում է, որ այդ խոշորացման արդյունքում գյուղերում բազմաթիվ աշխատողներ են կրճատվելու:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ