Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ն ստացել է Սարի թաղի ցուցարարների գանգատները

Օգոստոս 03,2017 17:57

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը 2017 թ. հունիսի 16-ի և հուլիսի 12-ի գրություններով հայտնել է, որ Սարի թաղի ցուցարարներ Գագիկ Միքայելյանի ու Հովհաննես Ղազարյանի գանգատները ստացվել են ՄԻԵԴ-ում: Գանգատները Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել նրանց պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը:

Գ. Միքայելյանն ու Հովհ. Ղազարյանը ձերբակալվել են 2016 թ. հուլիսին՝ ոստիկանների ուղղությամբ քարեր նետելու մեղադրանքով, ավելի ուշ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ստանձնել է նրանց իրավունքների պաշտպանությունը:

Շուրջ 10 ամիս կալանքի տակ մնալով՝ Գ. Միքայելյանը նախ 3 տարվա ազատազրկման է դատապարտվել, ապա ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի 2017 թ. մայիսի 5-ի որոշմամբ ազատ արձակվել դատարանի դահլիճից: Դատարանը նրան թույլ է տվել պատիժը կրել ազատության մեջ:

Հովհ. Ղազարյանի գործով դատարանը դեռևս վճիռ չի կայացրել, նա ևս ամիսներ շարունակ գտնվել է կալանքի տակ, և միայն ՀՀ Վերաքննիչ դատարանի 2017 թ. փետրվարի 13-ի որոշմամբ ազատվել է կալանքից:

Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված գանգատներով հիմնավորումներ են ներկայացվել այն մասին, որ Գ. Միքայելյանին ու Հովհ. Ղազարյանին կալանքի տակ պահելու ՀՀ դատարանների որոշումները պատշաճ կերպով հիմնավորված չեն եղել: Մասնավորապես,  խափանման միջոցը փոփոխելու և գրավ կիրառելու պաշտպանական կողմի միջնորդությունները դատարանները մերժել են՝ գտնելով, որ նրանք կարող են խուսափել քննությունից, և դրա համար չներկայացնելով որևէ հիմնավորում: Մինչդեռ ավելի ուշ նրանց նկատմամբ խափանման միջոց կալանքը  ստորագրությամբ չհեռանալու ձևով փոխելու մասին  որոշումներով  Վերաքննիչ քրեական դատարանը առաջնորդվել է հենց այն հանգամանքներով, որոնց մասին բազմիցս նշվել է պաշտպանական կողմի միջնորդություններում: Սակայն  առաջին ատյանի դատարաններն ուշադրություն չեն դարձրել այդ հանգամանքներին՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելիս:

Հատկանշական է, որ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը Հովհ. Ղազարյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից կիրառված կալանքի որոշումը բեկանելու մասին որոշմամբ արձանագրել է. «Իր դեմ ցուցմունք տված ոստիկանների վրա Հովհ. Ղազարյանի ազդելու հավանականությունը քիչ է»: Երկու դեպքում էլ ցուցարարները կալանքի տակ են պահվել բացառապես ոստիկանների ցուցմունքների հիման վրա: Այս համատեքստում, ըստ դիմումատուների, խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածով ամրագրված ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը:

Դիմումատուները հիմնավորումներ են ներկայացրել նաև ՄԻԵԿ 11-րդ և 13-րդ հոդվածների խախտման մասին: Ցուցարարներին ամիսներ շարունակ կալանքի տակ պահելը, դիմումատուների պնդմամբ, նրանց՝ հավաքների և միավորման ազատության ՄԻԵԿ 11-րդ հոդվածով ամրագրված իրավունքի խոչընդոտման նպատակ է հետապնդել: Առավել ևս, եթե հաշվի առնենք, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով նրանց առաջադրված մեղադրանքն առնչություն չունի նրանց կատարած գործողությունների հետ. քարեր նետելով՝ վերջիններս ոստիկաններին վնասելու որևէ դիտավորություն չեն ունեցել, դրա մասին վկայող ապացույցներ էլ գործերում առկա չեն:

Կալանքի մասին որոշումներ կայացնելիս դատարանները չեն հետազոտել անգամ այն տեսանյութերը, որոնցում ցուցարարները կատարում են վերը նշված գործողությունները՝ հիմնվելով միայն ոստիկանների ցուցմունքների վրա:

Գ. Միքայելյանն ու Հովհ. Ղազարյանը նաև զրկված են եղել ՄԻԵԿ 13-րդ հոդվածով ամրագրված իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքից: Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշումների դեմ բոլոր միջնորդություններն ու բողոքները ամիսներ շարունակ մերժվել են: Ցուցարարների գանգատները ՄԻԵԴ-ը կքննի առաջին իսկ հնարավորության դեպքում:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031