Շիրակի նախկին ոստիկանապետերից մեկը՝ Կարեն Բաբակեխյանը, մի անգամ Aravot.am-ի հետ զրույցում խոսելով Գյումրու ֆենոմենի մասին, ասել էր՝ երկրագնդի վրա որևէ այլ տեղ չկա նման բան․ հանցագործության վայրից փախուստի են դիմում թե՛ հանցագործները, թե՛ տուժողը, թե՛ վկաները։
Այսօր Aravot.am-ը Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանին հիշեցնելով նախկին ոստիկանապետի խոսքերը, հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է հաջողվում բացահայտել հանցագործությունները գյումրեցիների, այսպես ասած, «գործ տալուց» հրաժարվելու պայմաններում։ Շիրակի դատախազն ասաց․ «Մենք իրականում այդ մտահոգությունն ունենք մեր տարածքում, երևի մենթալիտետի հետ կապված կամ չգիտեմ ինչ խնդիր է: Նույնիսկ դեպք ենք ունեցել, երբ տուժողը կամ տուժողի եղբայրը, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել տվյալ դեպքին, հրաժարվում են ցուցմունք տալուց կամ ցուցմունք են տալիս ոչ արժանահավատ»։
Ու թեև դատախազը չմանրամասնեց դեպքերը, սակայն, մեր տեղեկություններով, վերջին շրջանում մարզի իրավապահներին զարմացրել էր սպանված խանութատերերից մեկի եղբոր ցուցմունքը․ ականատես լինելով եղբոր սպանությանը՝ նա փորձել էր կոծկել՝ իրավապահներին դեպքի մասին հորինված պատմություն ներկայացնելով։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ