Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Գյումրին կրիմինալ քաղաք չէ, ի՞նչ է մյուս տարածքներում չունե՞նք հանցագործություններ, կրակոցներ»․ Շիրակի դատախազ (Տեսանյութ)

Օգոստոս 03,2017 17:07

Շիրակի մարզում վերջին 6 ամիսների ընթացքում արձանագրվել է հանցագործությունների թվի աճ։ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի տեղեկացմամբ, 2017 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է 632 դեպք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ ավելի է 88-ով․ նախորդ տարի գրանցվել է 544 դեպք։

«Ճիշտ է, ունենք հանցագործությունների թվի աճ, բայց նաև ունենք բացահայտման ցուցանիշով բարելավում․ անցած տարի բացահայտման ցուցանիշը 87 տոկոս էր, այս տարի 88,4 տոկոս։ Մենք նաև ունենք նույն ժամանակահատվածում մարդու դեմ ուղղված հանցագործությունների թվի աճ․ անցած տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 195 հանցագործություն, այս տարի 217։ Բայց հանցագործությունների հետ կապված նույնպես ունենք բացահայտման ցուցանիշի աճ․ այս տարի արձանագրվել է մոտավորապես 94 տոկոս բացահայտում»,- այսօր լրագրողներին հաշվետվություն ներկայացրեց դատախազը։

Նա նշեց, որ Շիրակի մարզում արձանագրված հանցագործություններից առավել շատ են գողությունների, հափշտակությունների դեպքերը, իսկ օրինակ` սպանությունները նվազել են։ Կարեն Գաբրիելյանի փաստմամբ, անցած տարի նույն ժամանակահատվածում արձանագրվել է սպանության 5 դեպք, իսկ այս տարի 4-ը, ընդ որում երկուսը բացահայտված են, երկուսը՝ չբացահայտված։ «Չբացահայտված սպանություններից մեկը կապված է անձի անհետ կորելու հետ, հարազատները դիմել են իրավապահ մարմիններին՝ հայտնելով, որ իրենց հարազատը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Քանի որ նյութերի նախապատրաստման թույլատրելի ժամկետը տաս օր է, և այդ ընթացքում տվյալ անձի չհայտնաբերվելու պատճառով մեր կողմից հարուցվել է քրեական գործ սպանության հատկանիշներով։

Մյուս դեպքը բոլորիս հայտնի է, մենք տարբեր առիթներով խոսել ենք Արթուր Հարությունյանի սպանության դեպքի մասին, (խոսքը իրենց տան մեջ 23-ամյա երիտասարդին առանձնակի դաժանությամբ սպանելու մասին է՝ բնակարանն ամբողջովին տակնուվրա անելով- Ա․ Ն․)՝ նշված գործն այս պահին գտնվում է նախաքննության փուլում, կատարվում են բազմածավալ քննչական և օպերատիվ աշխատանքներ», -ասաց դատախազը։

Շիրակի դատախազը նաև նշեց, որ գողություններն ու հափշտակություններ կատարվել են ինչպես բնակարաններից, այնպես էլ ավտոմեքենաներից ու խանութներից։ Այս հանցագործությունների բացահայտման ցուցանիշը ևս բարձր է նախորդ տարիների հետ համեմատ։ Զգալի շատ են գողությունների դեպքերը տրանսպորտային միջոցներից։

Նկատենք, որ ըստ դատախազի տվյալների, անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների թիվը բավական շատ է, նրանք մեծամասամբ գողությունների, հափշտակությունների հեղինակներ են։

Այս տարի արձանագրվել է կոռուպցիոն հանցագործությունների 15 դեպք, որոնք նախաքննության փուլում են։ Դատախազը սակայն մանրամասներ չհաղորդեց այս գործերի մասին, չասաց, թե որ պաշտոնատար անձինք են ներգրավված են կոռուպցիոն սկանդալներում, միայն նշեց, որ կան յուրացման դեպքեր։

Լրագրողները Շիրակի մարզի դատախազից հետաքրքրվեցին, թե հաճախակի են Գյումրիին կրիմինալ քաղաք որակում տալիս, համաձա՞յն է այդ բնութագրի հետ։ «Այդ հարցին ես մի քանի անգամ անդրադարձել եմ, միանշանակ ասում եմ, որ ոչ, Գյումրին կրիմինալ քաղաք չէ։ Ի՞նչ է մյուս տարածքներում չունե՞նք հանցագործություններ, կրակոցներ, ձեզ հայտնի են մյուս տարածքներում տեղի ունեցող հանցագործությունների մասին, առանձնապես ծանր հանցագործությունների մասին է խոսքը գնում։ Այս տարվա 6 ամսվա կտրվածքով մենք ունենք նվազում առանձնապես ծանր հանցագործությունների առումով, սպանությունների, ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու առումով։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում ունեինք ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու 15 դեպք, այս տարի ունենք 2 դեպք, կտրուկ նվազում է, գրեթե 88 տոկոս նվազում է, ընդ որում երկու դեպքն էլ բացահայտված են», -ասաց դատախազը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031