«Սևանա լճում ձկնային պաշարների վերականգնման առումով դրական միտում կա»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Գիտությունների ազգային ակադեմիայի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբուծության ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Էվելինա Ղուկասյանը:
Նա վստահեց, որ Ձկնաբուծության զարգացման ծրագիրը ՀՀ-ում նպաստում է, որ Սևանն իշխանի պաշարներով հարստանում է: Ըստ մասնագետի` խնդիրը իշխանի զարգացման համար գետերում բնական ձվադրություն ապահովելն է. «Ձվադրավայրերն անմխիթար վիճակում են, դրանց վրա գտնվող բոլոր հիդրոտեխնիկական կառույցները արգելք են հանդիսանում ձկների բնական վերարտադրության համար»:
Տիկին Ղուկասյանը միևնույն ժամանակ տեղեկացրեց, թե իրենց կատարած հետազոտությունները ցույց են տալիս, որ Սևանի գետերում բացթողնված` իշխանի մանրաձուկն արդեն վերադառնում է լիճ:
Ըստ ուսումնասիրությունների` փոքր-ինչ ավելացել են սիգի պաշարները. «Արդյունագործական չափի կենդանիների քանակը լճում հասել է 450 տոննայի, որից 1-1,5 տոննան իշխանն է, 100-ը արծաթափայլ ծածանը, մնացածը սիգն է: Կողակի պաշարներն անչափ քիչ են, այն ընդգրկված է Կարմիր գրքում: Հետազոտությունների ընթացքում միայն հանդիպում են եզակի առանձնյակներ»:
Ըստ մասնագետի` մտահոգիչ է այն, որ խեցգետնի պաշարները լճում նվազում են. «Խեցգետինը լճում հայտնվեց 1980-ականներին, և մտավախություն կար, որ այն կարող է վատացնել ձկնային պաշարների վիճակը, որ իբր խեցգետինը սնվում է ձկնկիթով: Իրականում դա այդպես չէր, ընդհակառակը, այն մեզ համար բնության շնորհներից մեկն է: Նա սնվում է տիղմով, ինչը ժամանակին կողակն էր անում, ուստի խեցգետինը եկավ նրան փոխարինելու: Հիմա ավելի շատ է խրախուսվում խեցգետնի որսը, քան թույլատրելի է: Արդյունքում խեցգետնի պաշարներն արդեն բավականին նվազել են»:
Անդրադառնալով Սևանի մակարդակի բարձրացմանն ու դրան առնչվող խնդիրներին` տիկին Ղուկասյանը հավաստիացրեց, որ եթե Սևանի մակարդակը բարձրանում է, ուրեմն լիճը «մահամերձ» վիճակում է. «Երբ հասանք նրան, որ ապացուցեցինք լճի մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը, ՀԿ-ները սկսեցին բղավել, թե լիճը հայտնվում է մահամերձ վիճակում, քանի որ ափերը ճահճակալում են: Բայց մենք նրանց հավաստիացրեցինք, թե մի խանգարեք մակարդակի բարձրացմանը, քանի որ հետագայում այդ տարածքները լավացնելու են լճի վիճակը: Դա լճի ինքնամաքրման գործընթացն է, որը տեղի է ունենում աստիճանաբար»:
Տիկին Ղուկասյանը նաև հայտնեց, որ այժմ հետազոտում են Ամուլսարի տարածքի գետերը, դեռևս հանքերի շահագործում տեղի չի ունենում, հետևաբար գետերի վրա ազդեցությունը դեռ չի դրսևորվում. «Բնականաբար, որոշակի ազդեցություն կլինի: Մենք հետազոտությունը սկսել ենք այն պահին, երբ դեռ ազդեցություն չկա, որ եթե որևէ վտանգ սպառնա, մենք համեմատենք ու բարձրացնենք մեր ձայնը: Ես դեմ եմ հանքարդյունաբերության այն տեմպերին ու մեթոդներին, որ կան Հայաստանում, բաց հանքերի շահագործումը լուրջ վնաս է հասցնում, բայց պնդել չեք կարող, որ արդեն ունենք հանքարդյունաբերության ազդեցություն մեր ջրային ռեսուրսների վրա»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ