Նպատակ ունենալով բարձրացնել կառավարման արդյունավետությունը, ապահովել թափանցիկություն և բարենպաստ բիզնես միջավայր ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ՝ գործադիրն ընդունել է «Թվային Հայաստան» հիմնադրամ ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու մասին որոշում:
Հիմնադրամի ստեղծումը պայմանավորված է ՀՀ թվային օրակարգի իրագործման անհրաժեշտությամբ, այն է՝ թվային նոր ռազմավարության մշակում, հանրապետական կառավարման բոլոր ոլորտներում միասնական թվայնացված միջավայրի ձևավորում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերի արդիականացում և տեղեկատվական անվտանգության աստիճանի բարձրացում, ինչպես նաև պետական ծախսերի կրճատում, վարչարարության պարզեցում, թափանցիկության, հաշվետվողականության բարձրացում, կոռուպցիոն ռիսկերի նվազեցում, քաղաքացիներին և բիզնես ոլորտին պետության կողմից մատուցվող ծառայությունների որակի, մատչելիության և արդյունավետության բարձրացում:
«Շատ կարևոր գործընթաց է: Մինչ այս հիմնադրամի կայանալը Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը նույն տեմպով պետք է շարունակի աշխատանքը, և հետո հստակ կձևակերպենք հիմնադրամի ու կենտրոնի համագործակցության բանաձևերը», – նշել է Կարեն Կարապետյանը:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ