2016թ. Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 14-ի գործով դատական նիստը վերսկսվելուն պես դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց մերժել իր դեմ ինքնաբացարկի միջնորդությունը: Այնուհետեւ Գաբրիելյանը որոշեց սանկցիա կիրառել ավելի վաղ նիստերի դահլիճից ուժով տարված ամբաստանյալ Հովհաննես Հարությունյանի մոր՝ Լաուրա Հարությունյանի հանդեպ, քանի որ նա հարվածել է ապակե արգելապատնեշին եւ հայհոյանքներ ասել դատարանի հասցեին: Սանկցիան ենթադրում է, որ մայրը մինչեւ դատաքննության ավարտը չի կարող դատարան մուտք գործել, հետեւապես՝ որդուն տեսնել:
Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանն անհամաձայնություն հայտնեց՝ ասելով, որ մոր պահվածքը չի կարելի դիտարկել որպես անհարգալից վերաբերմունք դատարանի հանդեպ: Փաստաբանի փոխանցմամբ՝ Լաուրա Հարությունյանին տեղափոխել են հիվանդանոց, նրա համար երեք անգամ շտապօգնություն են կանչել:
Եվս մեկ ընդմիջումից հետո դատավորը որոշեց սանկցիա կիրառել ամբաստանյալների պաշտպաններ Նինա Կարապետյանցի եւ Արայիկ Պապիկյանի հանդեպ, քանի որ նրանք ներկա չէին նիստին: Նշյալ փաստաբանները, սակայն, գրություն էին թողել առ այն, որ իրենք հրաժարվել են դատարանի կարգադրիչների կողմից խուզարկության ենթարկվել: Դատավորը նաեւ որոշեց ամբաստանյալ Գեւորգ Իրիցյանին հեռացնել նիստերից 10 ժամով, քանի որ նա հրաժարվել է նիստի ներկայանալ:
Նիստը հետաձգվեց եւ նշանակվեց օգոստոսի 24-ին՝ 11:00-ին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ