Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Մաթոսյանը բողոքեց Գուգուշից եւ ԼԳԲՏ համայնքից. «Հայաստանը հո կանալիզացիայի կենտրո՞ն չի»

Օգոստոս 03,2017 16:05

Երևանի գովազդային պաստառներն ազդարարում են, որ օգոստոսին Երեւանում, Մարզահամերգային համալիրում կայանալու է 70-ական թվականների Իրանի ամենահայտնի երգչուհիներից ու դերասանուհիներից մեկի` Գուգուշի համերգը:

Նշենք, որ նա ժամանակին տեսահոլովակ էր թողարկել, որպեսզի աջակցի իրանական ԼԳԲՏ համայնքին: Այդ առիթով «Եվրոնյուզը» գրել էր, որ չնայած տարիներ առաջ Գուգուշ անունով իրանական փոփ-դիվան հեռացել է Իրանից, սակայն շարունակում է իր ձայնը բարձրացնել ընդդեմ հոմոֆոբիայի: Տեսահոլովակը նկարահանել էր իրանական ծագմամբ գերմանացի ռեժիսոր Նավիդ Ակհավանը, նա ԼԳԲՏ համայնքի դեմ «պայքարողների» թեման անվանել էր ցավագին:

Aravot.am-ը կինոգետ, կինեմատոգրաֆիստների միության կինոամսագրի գլխավոր խմբագիր Ռոբերտ Մաթոսյանից հետաքրքրվեց` կրկին կարտահայտի՞ իր քաղաքացիական դիրքորոշումը եւ կդիմի՞ ՀՀ կինեմատոգրաֆիստների միության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ռուդոլֆ Վաթինյանին, Խաչիկ Ստամբոլցյանին, հոգեւորականների, այլ կառույցների, որպեսզի արգելվեն ԼԳԲՏ համայնքին աջակցող Գուգուշի համերգները Երևանում:

Հիշեցնենք, որ «Ոսկե Ծիրան» Երևանի միջազգային 14-րդ կինոփառատոնի շրջանակում ցուցադրությունից հանվեց 37 ֆիլմից բաղկացած «Հայացք ներսից և դրսից» ծրագիրը, եւ Կինեմատոգրաֆիստների միությունը հրաժարվեց տրամադրել Հենրիկ Մալյանի անվան թատրոնի դահլիճը, ինչի արդյունքում խոսակցություններ շրջանառվեցին, թե հայ կինոյում առկա է գրաքննություն, իսկ Ռոբերտ Մաթոսյանը Կինոմիության գրաքննության այս դրսեւորմանը կողմ էր արտահայտվել։

«Հայաստանը հո կանալիզացիայի կենտրոն չի՞, որ ինչ կեղտաջուր կա՝ բերեն-լցնեն մեր երկիր»,-ասաց Մաթոսյանը` պատասխանելով մեր հարցին: Ապա հավելեց. «Եթե Իրանը որպես լուրջ երկիր, դեմ է նման բաներին, մենք ինչո՞ւ պետք է կողմ լինենք»:

Ռոբերտ Մաթոսյանը շարունակում է մնալ նույն ժխտողական կարծիքին. «Ես դեմ եմ մշակույթի ցանկացած բնագավառում նմանատիպ մարդկանց, կինոյի, թատրոնի, ֆիլմերի մասսայականացմանն ու պրոպագանդմանը: Դա իմ սկզբունքն է: Ինձ համար մեկ է, թե ով է ֆինանսավորում, բայց հենց ուզում են պրոպագանդել, մասսայականացնել, բռնանալ իմ ազատություններին, ես արդեն դեմ եմ…Մյուս կողմից էլ մեր հակապրոպագանդան դառնում է պրոպագանդա: Ամենաճիշտը դրանց արհամարհելն է: Ժամանակին, երբ Մալյան թատրոնում «Ոսկե ծիրանը» իր այդ ծրագիրը ցուցադրում էր, որտեղ նման ֆիլմեր էին լինում, մեկ-երկու մարդ էր մասնակցում, հիմա երբ արգելվեց, ավելի շատ մարդ հետաքրքրվեցին: Իրենք խայծը գցեցին, եւ դա դարձավ պրոպագանդա: Այնպես որ, արհամարհելուց լավ բան չկա»:

Դառնալով Գուգուշին, նշենք, որ նա հայտնի է նաեւ Թուրքիայում, ընդհանրապես Կովկասյան տարածաշրջանում, ԱՄՆ-ում, Միջին Ասիայում: Իսկ ԽՍՀՄ-ում էլ հայտնի է դարձել «Երկար գիշերը» ֆիլմից։

Իրանական փոփ դիվան երգում է պարսկերեն, ադրբեջաներեն, հայերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն եւ ֆրանսերեն: Գուգուշն ապրում է Միացյալ Նահանգներում, շրջագայում է Եվրոպայում, իսկ նրա կարիերան Իրանում ավարտվել է Իսլամական հեղափոխությունից հետո:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մանուշ says:

    Մարդուն չի կարելի իր հայացքների համար հալածել: Դա չոբանությունից բացի՝ բռնակալություն է:

  2. Գոհար Հակոբյան says:

    Հարգելի Մանուշ, համամիտ եմ Ձեզ հետ:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031