«Յուրաքանչյուր ազգում խնդիրները պետք է օրենքի դաշտում լուծում ստանան: Ես դատապարտում եմ կատարվածը: Մենք ամբողջ համայնքով շվարած ենք՝ այդպիսի բան ինչպես կարող էր տեղի ունենալ»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց «Հանրային ռադիոյի» եզդիերեն հաղորդումների բաժնի ավագ խմբագիր Հասան Թամոյանը՝ անդրադառնալով Շամիրամ համայնքում տեղի ունեցած դեպքերին:
Նա անձամբ չի ճանաչում ոչ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող Քալաշյանին, ոչ էլ սպանվածներին. «Հեռվից եմ իմացել իրենց գերդաստանները, նրանց մասին պատկերացում չունեմ»:
Հասան Թամոյանը նաեւ հիշեցրեց, որ երեք տարի առաջ այսօր Իրաքի հյուսիսում՝ Շանգալի շրջանում սկսվեց եզդիների կոտորածը. «Այսօր էլ շարունակվում են եզդիների նկատմամբ հալածանքները, մարդիկ թողնում, գնում են: Որեւէ հարց ու խնդիր չի լուծվել: Իհարկե, գնալն էլ լուծում չէ, մարդիկ փրկում են իրենց ֆիզիկական գոյությունը, բայց դա լուծում չէ: Լուծումն այն կլիներ, որ միջազգային կազմակերպությունները, գերտերությունները ստեղծեին մեր ժողովրդի անվտանգության պայմաններ ու երաշխիքներ տային, որ այնտեղ գոյատեւեինք: Թե չէ թողնել բնօրրանը ու հեռանալ, օտար տեղերում դառնալ թափառական, սա փրկություն չէ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ