«Իհարկե, ցավ է, կան զոհեր, բայց սա ցեղասպանություն չէ: Դեպքը տեղի է ունեցել բարեկամների միջև»,- այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում ասաց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Մախմուդյանն` անդրադառնալով օրերս Շամիրամ գյուղում տեղի ունեցած միջադեպին: Նա դատապարտելի եւ անթույլատրելի է համարում, որ մամուլում այդ դեպքը հավասարեցվեց ցեղասպանության հետ. «Շամիրամում տեղի ունեցածը շատ զարհուրելի տեսարան էր, որը պատիվ չի բերում եզդի ժողովրդին: Ներքին խռովությունները միջանձնային հարաբերությունների հետ են կապված, բայց սա չի կարելի Ցեղասպանություն որակել: Նմանատիպ դեպք էլ մի քանի օր առաջ եղավ Սևանում»:
Այդ դեպքով զբաղվում են իրավապահները: Ռուստամ Մախմուդյանը մշտապես կապի մեջ է վարույթն իրականացնող մարմնի հետ եւ համոզված է, որ ՀՀ իրավապահ մարմինները ամեն ինչ բարձր մակարդակով կանեն:
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում գտնվող սգո սրահում կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով զոհվել էր 4, վիրավորվել՝ 7 մարդ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ