Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Արյուն թափելը դառնում է սովորական». Ռուբեն Աղուզումցյանը` գործոնների և լուծման ճանապարհների մասին

Օգոստոս 03,2017 14:14

«Սպանություններ այս կամ այն թվով միշտ էլ եղել են, ուղղակի դրանց բացահայտումն է աճել: Ժամանակին արգելված է եղել այդ թեմաներով ինֆորմացիայի տարածումը, և մենք չենք էլ իմացել, թե ով, ինչքան, ոնց է սպանել: Միայն քրեական դատավարության միջոցով ենք տեղեկացել այդ դեպքերին»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց  Հայաստանի կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը :

Նա փաստեց, որ մարդկության պատմության մեջ միշտ էլ սպանություններ եղել են, սակայն մեզ համար առավել ծանր է, քանի որ մենք` հայերս, թվով քիչ ենք, և յուրաքանչյուր հայի կյանքն արժեքավոր է:

Դառնալով ՀՀ-ում սպանությունների թվի աճի և հատկապես վերջին ամսվա ընթացքում սրացումներին` հոգեբանն առանձնացրեց մի շարք գործոններ. «Մարդու վարքն այնպիսի բան է, որ կարող է շատ անսպասելի ձևով դրսևորվել: Անձը երբեմն կարող է այնպիսի բաներ մտածել ու անել, որ իրեն բնորոշ չէ: Պատահականություններ միշտ կարող են լինել, կարող են լինել նաև թաքնված, կուտակված գործոններ, որոնք հանգեցնում են  ոչ համարժեք վարքի»:

Հոգեբանն ամենակարևոր գործոնը համարեց երեխայի դաստիարակությունը և մտահոգություն հայտնեց. «Դաստիարակությունն այն մակարդակի վրա չէ, որ պետք է լինի ու ձևավորի մարդուն: Վերջին մի քանի տասնյակ տարիների ընթացքում փոխվել են դաստիարակությանն առնչվող գործողությունները: Լինի դա ընտանիքում, թե դպրոցում, դաստիարակության վրա մենք սկսել ենք անհամեմատ ավելի քիչ ուշադրություն դարձնել: Մինչդեռ հոգեբանական  օրինաչափություն է, որ անձի ձևավորման հիմքը մանկության ժամանակ է դրվում ու դրսևորվում: Եթե այդ գործընթացի ժամանակ թերություն կամ բացթողումներ են լինում, ապագայում դա կարող է հանգեցնել այն բոլոր իրողություններին, որոնց հետ հիմա շփվում ենք»:

Հոգեբանի փաստմամբ` ագրեսիվությունը կրում է համաշխարհային բնույթ, հաճախ սպանությունը, մարդուն նսեմացնելը հերոսացվում է, ու երեխաները, որոնք չեն կարողանում ճիշտ գնահատել արարքը, միայն գործողությունն են ընկալում: Արդյունքում արյուն թափելը դառնում է  սովորական:

Պարոն Աղուզումցյանը մտահոգված է, որ արգելակող գործոնները` կամքը, խիղճը, չեն գործում, դրա համար էլ սպանությունը դառնում է սովորական երևույթ:

Հոգեբանը ստեղծված իրավիճակից ելքի ճանապարհ է տեսնում ընտանիքի գործառույթի բարձրացումն ու դաստիարակության  վրա մեծ ուշադրություն դարձնելը: Նա մտահոգիչ համարեց այն, որ տնտեսապես ապահովված ծնողներն իրենց վրայից հանում են երեխայի դաստիարակության գործառույթը և դա վստահում վարձու դաստիարակներին. «Ի՞նչ կարելի է սպասել նման դաստիարակությունից. շատ անսպասելի բաներ: Եթե առաջներում դաստիարակներն անպայման պատրաստված, կրթված մարդիկ էին, հիմա ով ասես զբաղվում է այդ գործով: Լավագույն պետական բուհեր ընդունվում են հարցազրույցով, ոչ թե քննությամբ. դա նշանակում է` ով գալիս, ընդունվում է: Բնական է, որ ընկնում է մասնագիտական որակը»:

Ռուբեն Աղուզումցյանը ցավով արձանագրեց, որ ՀՀ-ում ընտանիքին ուղղված ոչ մի պետական լուրջ ծրագիր չկա. ոչ մի կառույց չկա, որտեղ սովորեցնեն ծնող լինել. «Պատահական դառնում ենք ծնող` մեր ընտանիքի, հարևանի, բարեկամի օրինակի վրա: Մինչդեռ կա գիտություն և ծնողի պատրաստման ձևեր: Եթե հնարավորություն ունենայի, կարգելեի յուրաքանչյուրին դառնալ ծնող: Պետք է նախ հասունանալ ծնող դառնալու համար»:

Նման իրավիճակներում հայտնվելու մյուս գործոնը, ըստ հոգեբանի, հասարակության սպառողական հոգեբանությունն է, երբ կան աշխատատեղեր, բայց չկա մասնագետ, քանի որ մարդիկ ջանք ու եռանդ չեն ներդնում մասնագետ դառնալու համար:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031