Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում ընթանում է Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչներ Կարեն Առաքելյանի եւ Վանիկ Վարդազարյանի դատավարությունը:
Կ. Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. սեպտեմբերի 1-ին, ժամը 23.00-ի սահմաններում Վ. Կարմիրաղբյուրի «Կայանի մոտ» տարածքում համագյուղացի Վանիկ Վարդազարյանի հետ 8 հազար դրամ պարտքի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ իր մոտ գտնվող խոհանոցային դանակով դիտավորությամբ հարվածել է վերջինիս որովայնի շրջանում, պատճառել ծակած-կտրած վերք, Վ. Վարդազարյանի առողջությանը՝ ծանր վնաս:
ՊՆ զորամասերից մեկի զինծառայող Վանիկ Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նշված վիճաբանության ժամանակ քարով դիտավորությամբ հարվածել է Կ. Առաքելյանիւ գլխի շրջանին եւ պատճառել նրա առողջությանը ծանր, կյանքին վտանգ սպառնացող վնաս:
Կ. Առաքելյանին եւ Վ, Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով(«Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը»): Սույն արարքը պատժվում է 3-7 տարի ժամկետով ազատազրկմամբ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ