Քիչ առաջ Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները տեսակցել են «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից Հովհաննես Հարությունյանին, որին ավելի վաղ ոստիկանները հրելով տարել էին:
ՄԻՊ աշխատակիցները նրա պաշտպան Հայարփի Սարգսյանին տեղեկացրին, որ Հարությունյանը ոչնչից չի դժգոհում, ոչ մի խնդիր չունի, բռնության հետքեր չկան:
Պաշտպանը սակայն դժգոհեց ամբաստանյալի պահման պայմաններից: Նա ասաց, որ հրազենային վիրավորում եւ առողջական խնդիրներ ունեցող Հովհաննես Հարությունյանին պատշաճ բուժօգնություն չեն ցուցաբերում:
Քիչ առաջ միջադեպ տեղի ունեցավ Հովհաննեսի մոր եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի միջեւ: Հուզված մայրը, որի համար կրկին շտապօգնություն են կանչել, բղավեց Օսիպյանի վրա, դժգոհեց դատավարությունից եւ ոստիկանների պահվածքից. «Չհամարձակվեք «Սասնա ծռերին» ծեծել: Որդիս մեկ ոտքով է մնացել, դա՞ եք ուզում»:
Օսիպյանն էլ իր հերթին հորդորեց իր վրա ձեռք չպարզել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային