2016թ. Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 18-ի գործով դատական նիստն այսօր սկսվեց երեք ամբաստանյալով՝ Հովհաննես Հարությունյան, Արամ Մանուկյան, Գեւորգ Իրիցյան: Մյուս ամբաստանյալները դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի, այն է՝ դատավորի գալուն պես ոտքի չկանգնելու եւ տեղից խոսելու համար սանկցիայի են ենթարկված եւ որոշակի ժամանակով հեռացված նիստերի դահլիճից: Այս նիստում էլ ամբաստանյալների պաշտպանները միջնորդեցին իրենց պաշտպանյալներին վերադարձնել նիստերի դահլիճ:
«Մենք չենք ուզում գնալ, բայց քանի որ մեր պաշտպանները մեր կողքին չեն, չենք կարող նիստի մասնակցել»,-հայտարարեց պաշտպաններից Երվանդ Վարոսյանը:
Անուշ Մխիթարյանն էլ նկատեց, որ որոշ պաշտպաններ ներկա չեն, ուստի ամբաստանյալների անունից չեն կարող որոշումներ կայացնել, նրանք էլ չեն կարող միջնորդությունների վերաբերյալ կարծիք արտահայտել:
Մեղադրող կողմը առարկեց միջնորդության դեմ՝ ասելով, որ ամբաստանյալներն իրենց գործողություններով իրենց զրկել են նիստերին ներկա լինելու իրավունքից:
Ներկայացել էր փաստաբան Կարապետ Բադալյանը, որը դժգոհեց, թե մինչ օրս չի ծանուցվել նիստի մասին. «Փոխարենը, անընդհատ սանկցիաների որոշումներ եք կայացնում»:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանն ասաց, որ այս պահին չի քննարկում միջնորդությունը, քանի որ մի անգամ արդեն այն բավարարել է, սակայն ամբաստանյալները շարունակել են անհարգալից վերաբերմունք դրսեւորել:
Ամբաստանյալ Արամ Մանուկյանը վեր կացավ ու ասաց, որ գնում է: Դատավորը նրա հանդեպ սանկցիա կիրառեց՝ հեռացնել նիստերի դահլիճից 10 ժամով:
Ամբաստանյալ Հովհաննես Հարությունյանն էլ միացավ նրան, ասաց, որ ինքնաբացարկի միջնորդություն է հայտնում դատավորին, սակայն Արտուշ Գաբրիելյանն ասաց, որ իր հանդեպ է նույն սանկցիան կիրառում: Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանը բռնեց նրա ձեռքից եւ ոստիկաններին ասաց հեռու քաշվել: Պաշտպանը պնդեց, որ դատավորն ապօրինի է գործում ու թույլ չի տալիս ամբաստանյալին միջնորդություն ներկայացնել:
Ոստիկանները հրելով տարան Հովհաննես Հարությունյանին, նա մի պահ սայթաքեց, ինչի պատճառով դահլիճի ապակե պատնեշից այս կողմ գտնվող քաղաքացիների նյարդերը տեղի տվեցին:
Հովհաննես Հարությունյանի մայրը բղավեց, ձեռքերով հարվածեց ապակե պատնեշին: Դահլիճում մթնոլորտը լարված է, քաղաքացիները դժգոհում են դատարանի եւ ոստիկանների գործողություններից:
Մեզ հետ զրույցում պաշտպան Հայարփի Սարգսյանն ասաց, որ ոստիկանները տանելուց այնպես հրեցին Հովհաննես Հարությունյանին, որ հնարավոր է՝ հրազենային վիրավորում ունեցող ոտքը վնասված լինի. «Եթե նման բան եղած լինի, բոլորին պատասխանատվության եմ ենթարկելու»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Աղրիկ ջան, սիրտտ մղկտու՞մ ա “բաքվի ցռերի” համար… ))))
Իմ էլ ա մղկտում, որ սրանց տեղում չեն սատկացրել… (((