Սեւանի «Միրաժ» լողափում տեղի ունեցած միջադեպի ժամանակ սպանված Դավիթ Առաքելյանի հորեղբոր տղան` Սպարտակ Առաքելյանը, այդ օրը նույնպես լողափում է եղել: Aravot.am-ի հետ զրույցում Սպարտակը վրդովմունք հայտնեց, որ Դավիթին ու արգավանդցիներին վատ լույսի ներքո են ներկայացրել:
«Գրում են, որ իբր խմած ենք եղել, նման բան չի եղել, գրում են` իբր ծեծել ենք էդ մարդուն (Աշոտ Հովհաննիսյանին-Գ.Հ), ինչը սուտ է: Մենք անգամ նրան մեր մեքենայով տարել ենք հիվանդանոց, էդ մարդու տղան էլ մեզ հետ ա եղել; Եթե մենք վնաս տված լինեինք, մենք հիվանդանոց չէինք տանի: Քաղմաս էլ ես եմ ահազանգել, որ գան ու կանխեն «պլյաժի» կռիվը: Ահավոր վիճակ էր, մենք մի քանի հոգով էինք, իրենք շատ-շատ էին… Մենք բոլորս եղել ենք «պլյաժում», Դավիթն էլ էր մեզ հետ, վոլեյբոլ էինք խաղում: Հետո չենք տեսել, թե ինքը ոնց է նավ բարձրացել: Մեկ էլ տեսնենք՝ նավը մոտեցավ դեպի ափ, Դավիթը նավից իջավ, մի քանի հոգի հետը վիճաբանելով մոտեցան մեզ: Մենք հետաքրքրվեցինք, թե ինչ է եղել, ասեցին, «պլյաժից» դուրս գանք, մարդկանց մոտ չխոսենք: Էդ մարդը, որ եկավ մոտեցավ, ոնց որ կրակի վրա բենզին լցներ, մենք անընդհատ ասում էինք՝ լավ, նավի վրա ինչ եղել-եղել ա, վերջացնենք…Էդ մարդը` Աշոտ Հովհաննիսյանը, ինֆարկտ տարած մարդ էր, ասում են՝ հիմա դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել ա, որ իրեն ինֆարկտ է խփել: Մենք էդ մարդուն չենք ընդհանրապես չենք կպել…»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց Սպարտակ Առաքելյանը:
Նա ասում է. «Դավիթը խելացի տղա էր, հանգիստ, համեստ, աշխատող, մեծին հարգող: Ես չեմ հավատում, որ ինքը ձեռք բարձրացնի տարիքով մեծ մարդու վրա…Ինքը շատ լավ տղա էր, ամբողջ օրը աշխատում էր, չարչարվում էր, ավտո էր քանդում…Երբ կարդացինք, որ իբր եսիմ ինչեր ենք արել՝ ապշեցինք: Տարբեր մարդիկ նյութերի տակ կոմենտարիա են գրել, որ Դավիթին խփել են, հլը մեզ էլ պիտի եսիմ ինչեր անեն: Ախր մենք ոչ մեկին չենք ծեծել ու սպանել… Ընդհակառակը Դավիթին հետազոտել են, ու պարզվել է, որ ինքն է ահավոր ծեծված եղել»:
Սպարտակի տեղեկություններով, Սեւանում մեկ ուրիշ արգավանդցու մեքենա են ջարդել, պատճառն էլ, նրա ձեւակերպմամբ այն է, որ ամեն ինչ ուռճացված է, ու արգավանդցիները մարդասպան են ներկայացված. «Ժողովուրդը մեզ ուրիշ աչքով ա նայում, ոնց որ բոլորս տարիքով մարդուն ծեծել ու սպանել ենք: Մինչդեռ մեր մեջ նման մարդ չկա` վատ դաստիարակությամբ, որ տարիքով մարդուն ծեծի»:
Հավելենք, որ 28-ամյա Դավիթ Առաքելյանին սպանելու կասկածանքով կալանավորվել է 36-ամյա Էդգար Հովհաննիսյանը (լուսանկարում):
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ/shamshyan.com