Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ չի պաշտպանում Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության վերաբերյալ բանակցությունները խզելու կոչերը, գրում է Politico-ն:
Հուլիսի 6-ին Եվրախորհրդարանն ընդունել էր Թուրքիայի մասին բանաձև, որով կոչ էր անում ԵՄ-ին և Եվրահանձնաժողովին անհապաղ դադարեցնել Անկարայի հետ բանակցությունները, եթե այդ երկրի իշխանությունները պատշաճ ուղղումներ չկատարեն սահմանադրական բարեփոխումներում:
«Ես չեմ պաշտպանում անդամակցության բանակցությունների դադարեցումը Թուրքիայի հետ, ինչի կոչն անում է Եվրոպական խորհրդարանը»,- ասել է Յունկերը:
Միաժամանակ, նա ափսոսանք է հայտնել, որ «Թուրքիան գրեթե ամեն րոպե հեռանում է իր իսկ կամքով ստանձնած պարտավորություններից՝ դառնալ Եվրոպական միության անդամ»: «Եվրոպական միությունը չէ, որ միանում է Թուրքիային, այլ Թուրքիան՝ Եվրամիությանը»,- ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ