Շամիրամի սգո սրահում 4 անձի մահվան պատճառ դարձած Թելման Քալաշյանը, պարզվում է, ընտանիքով Արմավիրի Մյասնիկյան համայնքի բնակիչ է: Նա ունի մեկ տղա, երեք աղջիկ, որոնք, ըստ Մյասնիկյանի գյուղապետ Տիգրան Բաղդասարյանի, ամուսնացած են:
Ավելի վաղ Արաքս համայնքի ղեկավարը Aravot.am-ին ասել էր, որ իրենց համայնքի նախկին բնակիչ Թելման Քալաշյանը դեռ իննսունականներին հարազատներով, ընտանիքով հեռացել էր ՌԴ մշտական բնակության:
Մյասնիկյան համայնքի ղեկավարի խոսքով. «Մեր մոտ ծնվել է, մեր մոտ էլ ապրում է, նորմալ ընտանիք է, աշխատող անձնավորություն: Ոչխար է պահում, ամռանը սարեր են գնում ընտանիքով: Միշտ այդ գործն է արել, հիմա էլ ընտանիքն այստեղ չէ, սարերում են»:
Պարոն Բաղդասարյանն ասաց, որ ամբողջ համայնքն է զարմացած Քալաշյանի արարքից. «Երեւի մի լուրջ խնդիր է եղել, նրան ճանաչողները չեն հավատում կատարվածին»:
Հիշեցնենք, որ Թելման Քալաշյանը դեպքից հետո փախուստի է դիմել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ