Ռուս-ամերիկյան վերջին սրացումներին անդրադառնում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը
– Այս ամենի մեջ մեզ, բնականաբար, նախ եւ առաջ հետաքրքրում է, թե ինչ ազդեցություն կունենա այս ամենը Հայաստանի եւ Արցախյան հիմնախնդրի կարգավորման վրա՝ նկատի ունենալով, որ «հակամարտող կողմերից» երկուսն անմիջականորեն ներգրավված են Մինսկի խմբի գործընթացում։
– Նախ, տարանջատենք, հիմնախնդրի կարգավորման գործընթացի հետ կապված՝ երկու մոտեցում կարող է լինել։ Մեկը՝ ըստ նախորդ տարիների փորձառության, եթե անդրադառնանք վերջին տարիներին, նախկինում էլ եղել են նման վիճակներ, սրացումներ ռուս-ամերիկյան հարաբերություններում, եւ ոչ մեկ անգամ, բայց այդ սրացումները չեն «պրոյեկտվել» Մինսկի խմբի համանախագահների համատեղ աշխատանքի վրա։
Ավելին՝ սա եղել է այն ձեւաչափը, որտեղ կողմերը հաջողությամբ համագործակցել են, կարողացել են միասին աշխատել՝ ի հեճուկս այլ հարցերում ունեցած տարաձայնությունների, եւ մենք դա ֆիքսել ենք։ Այսինքն՝ փորձը ցույց է տալիս, որ այդպիսի «պրոյեկցիա», անմիջական ազդեցություն չի եղել։
Իսկ եթե հարցին մոտենանք զուտ տեսականորեն, իհարկե՝ այդ վտանգը չի կարելի բացառել, որպես այդպիսին։ Տա Աստված, որ այս դեպքում էլ այդ ազդեցությունը չլինի, այլապես դա կարող է շատ բացասական անդրադառնալ բանակցային գործընթացի վրա։
– Առավել եւս, որ բանակցային գործընթացն առանց այն էլ տեղից չի շարժվում։
– Այո, եւ Մինսկի խումբը լուրջ դժվարությունների առաջ կկանգնի, եթե այդ բաղադրիչն էլ մտնի բանակցային գործընթաց։
Ինչ վերաբերում Է Հայաստանին, ԱՄՆ-Ռուսաստան հակասությունները, անգամ եթե որեւէ ուղղակի ազդեցություն չունենան մեզ վրա. բնականաբար ածանցյալ խնդիրներ չեն կարող չառաջանալ։ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների խստացումը չի կարող շրջանցել Հայաստանը՝ հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական բնույթը, ԵԱՏՄ գործընթացները, մեր տնտեսության կախվածությունը ռուսաստանյան շուկայում ընթացող պրոցեսներից։
Սա հարցի մյուս կողմն է, որի մասին նույնպես բազմիցս խոսվել է՝ մենք դրա փորձն էլ ունենք, որպես այդպիսին, եւ այս ածանցյալ ազդեցություններից զերծ մնալ մեզ, իհարկե, չի հաջողվի։
Երրորդ՝ ես կասեի՝ հիմնական խնդիրը կապված է Իրանի հետ։ Մենք անդրադառնում ենք Արեւմուտք-Ռուսաստան, ավելի ճիշտ՝ Միացյալ Նահանգներ-Ռուսաստան հարաբերություններին, բայց մոռանում ենք Միացյալ Նահանգներ-Իրան հարաբերությունների սրացման մասին։ Նկատի ունենալով մեր հարաբերությունները Իրանի հետ եւ զարգացման միտումները, որոնց մասին խոսեց նաեւ հանրապետության նախագահը իրանական «Իռնա» գործակալությանը տված հարցազրույցում, այստեղ էլ կարող են ածանցյալ ինչ-որ ազդեցություններ լինել:
Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում