Վերջին օրերին տեղի ունեցած, միմյանց հետ չշաղկապված սպանությունների, առհասարակ դաժանության դրսեւորումները, հարկավ մտահոգիչ են եւ հանրային շրջանակներում հիմնական խոսակցության թեման են։
Այդ քննարկումների ընթացքում շրջանառվող տարբեր տեսակետների շարքում առանձնակի ուշադրություն գրավեց այն դատողությունը, որ իրավապահ ու դատական համակարգերի նկատմամբ անվստահությունն է մարդկանց մղում ինքնադատաստանի։
Դատողությունը, իհարկե, իր հստակ տրամաբանությունն ունի։ Առհասարակ։ Բայց որքանո՞վ է նման գնահատականը համապատասխանում տեղի ունեցած վերջին աղմկահարույց, մեկը մյուսից թե՛ պատճառահետեւանքային առումով, թե՛ շարժառիթներով զգալիորեն տարբերվող սպանությունների դեպքերին։
Ի վերջո, նույնիսկ որոշակի տրամաբանություն ունեցող ձեւակերպումը պետք է, չէ՞, ինչ-որ կերպ շաղկապված լինի կոնկրետ եղելության հետ, այլ ոչ թե, այսպես ասենք, «հարմար առիթով» դրվի շրջանառության մեջ, հասկանալի է, թե՝ ինչու։
Նախ, կարծում ենք, չարժե դիմել մանիպուլյացիաների եւ թացը խառնել չորի հետ։ Հնարավորինս հակիրճ քննարկենք վերջին դեպքերը՝ փորձելով հասկանալ, թե ի՞նչ կապ կարող է ունենալ, օրինակ, իրավապահների կամ դատական մարմինների նկատմամբ անվստահությունը կամ վերաբերմունքն ընդհանրապես։
Առաջին դեպքում ունենք մի ընտանիքի դժբախտության պատմություն, ավելի ճիշտ՝ այդ պատմության վերջին հատվածի մասին որոշ տեղեկություններ։ Երկար տարիներ նույն հարկի ներքո ապրած ընտանիք։ Մեկ էլ մի օր կինը կացնահարում է քնած ամուսնուն, ապա թաքցնում դիակը։ Հարց է ծագում. կինն իր ամուսնուն քնած ժամանակ կացնահարել է, որովհետեւ չէր վստահում իրավապահ մարմինների՞ն։
Մեծ ցանկության դեպքում կարելի է փորձել ինչ-որ կապ գտնել, այսպես ասած՝ բերել-կպցնել։ Սակայն ակնհայտ է, որ իրավապահ կամ դատական մարմինների հանդեպ վստահությունը, անվստահությունը կամ որեւէ վերաբերմունքը կապ չունեն։ Ուրիշի ընտանիքը, ինչպես ասում են՝ մութ անտառ է, ոչ ոք չի կարող լիարժեք վստահությամբ պնդել, թե կոնկրետ ինչ դրդապատճառ է ունեցել այդ սպանությունը։ Առավել եւս, որ գործը տակավին նախաքննության փուլում է։
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում