Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչն է խանգարում կենտրոնանալ

Օգոստոս 03,2017 10:00

Ես չեմ կարող ասածս զուտ գիտականորեն հիմնավորել, բայց ինձ թվում է՝ մարդու հաջողակ, պահանջված եւ ինքնաբավ լինելու կարեւոր նախապայմաններից մեկն է կարողանալ ուշադրությունը կենտրոնացնել այն գործի վրա, որն այս պահին անում է: Պարտադիր չէ, որ դա լինի մտավոր գործունեություն՝ ասենք, գրքի ընթերցանություն (դրան դեռ կանդրադառնանք)։ Կան շատ ավելի պարզ, կենցաղային բաներ:

Եթե դուք ուտում եք, կենտրոնանալով ձեր կերակուրի վրա, ապա դա ավելի շատ կնպաստի ձեր առողջությանը, քան «անջատված», առանց հասկանալու եւ ծամելու ինչ-որ ուտելիքներ կուլ տալը։ Պատահական չէ, որ ցանկացած կրոնի հետեւորդներ աղոթում են ուտելուց առաջ եւ, մասնավորապես, շնորհակալություն են հայտնում Աստծուն՝ իր բարիքների համար։ Մենք, օրինակ, ասում ենք՝ «ճաշակեսցուք խաղաղութեամբ զկերակուրս, որ պատրաստեալ է մեզ ի Տեառնէ: Օրհնեալ է Տէր ի պարգեւս իւր»: Ուշադրություն դարձրեք՝ խաղաղությամբ:

Բայց արդյո՞ք կենտրոնացում չի պահանջում ցանկացած գործ՝ ճաշ պատրաստելը, աման լվանալը, ընկերների հետ շփվելը, ցախ կոտրելը, ծառ ջրելը, ֆիլմ նայելը, քայլելը, շնչելը։ Էլ չասած մասնագիտական պարտականությունների մասին։ Կարծում եմ՝ այս եւ բազմաթիվ այլ դեպքերում միայն կենտրոնանալով կարող ես կյանքից բավականություն ստանալ:

Ի՞նչն է մեզ խանգարում կենտրոնանալ տվյալ գործի վրա։ Իհարկե, տարբեր «արտաքին» եւ «ներքին» հանգամանքներ։ Բայց այսօր՝ հատկապես համացանցը։ Մեզ վարակել է ամեն վայրկյան «կապի մեջ» լինելու հիվանդությունը։ Շատերը չեն կարողանում ապրել 5 կամ 10 րոպե «կապից դուրս»՝ երեւի մտածելով, թե ինչ-որ կարեւոր բան են բաց թողնում։ Հաճախ այդ «կարեւոր բանը» որեւէ աղջկա՝ սրճարանում արված նկարն է, որով նա տեղեկացնում է աշխարհին, թե ինչ պիցցա է այս պահին ուտում։ Կամ՝ ինչպես հաճախ իմ դեպքում է լինում, տեղեկանալ, թե ով եւ ինչպես է այս անգամ ինձ խայթել ֆեյսբուքում կամ aravot.am կայքում: Իհարկե, հիմարություն է իմ կողմից նման մեկնաբանություններ կարդալը, եւ ապուշության գագաթնակետն է դրանց պատասխանելը: Բայց խոստովանեմ՝ պատահում է, որ երկուսն էլ անում եմ:

Սրճարանի պիցցայի նկարը տեսնելը եւ խայթոցներին ծանոթանալը հավասարաչափ «հիմնավոր» պատճառներ են օրական 30-40 անգամ համացանց մտնելու համար՝ տանը, աշխատանքի տեղը, տրանսպորտում, սրճարանում, ընկերների հետ շփվելիս եւ նույնիսկ զուգարանում: Իհարկե, կան միլիոնավոր այլ «հիմնավոր» պատճառներ՝ թե ինչու են մարդիկ «անջատված կուլ տալիս» օրական հարյուրավոր վերնագրեր եւ «առաջին տողեր», հաճախ դրանց մասին հապճեպ դատողություններ անում:

Ի՞նչ անել: Միանգամից հրաժարվել այդ «թմրանյութից»` դժվար է: Բայց կան նաեւ փորձված միջոցներ: Նախ՝ ֆիքսել, թե օրական քանի ժամ ես դու անցկացնում ֆեյսբուքում՝ ճիշտ ծխած գլանակները հաշվառելու նման: Երկրորդ՝ ամեն օր որոշակի ժամի վերցնել որեւէ գիրք կամ թերթ ու գոնե 5 րոպե դանդաղ, իմաստի մեջ խորանալով կարդալ այդ տեքստը: Ուշադրության այդ «մարզանքն» այսօր գրեթե հերոսության է հավասար:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (10)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Այո՛, այդ «չարբաստիկ» կախուածութիւնը՝ ծխել, ագահաբար ուտել, անյագօրէն առեւտուր անել, շատախօսել (բամբասել) եւ այլն եւ այլն…

    Ամէն մարդ պէտք է կարողանայ վերահսկել իրեն: Այլապէս տարատեսակ մոլութիւնները (ներառեալ՝ իմ թուարկածներն ու իհարկէ ֆեյսբուք-համացանցը) մղձաւանջ կը դարձնեն ձեր կեանքը:

    Դա՛ է, թերեւս, պատճառը, որ մեծ յարգանք ունեմ Պահքի նկատմամբ: Այսինքն՝ ժամանակաւորապէս կամ մշտապէս հրաժարուել քեզ համար հաճելի ինչ-որ բանից եւ դրանով զսպուածութիւն ու ժուժկալութիւն սերմանել քո մէջ:

    Յարգանքի են արժանի նաեւ մարդիկ, որոնք այս կամ այն կերակուրը չեն ուտում:

    Խորին խորհուրդը սա է. ԿԱՄՔ՝ ԼԻՆԵԼ ԶՈՒՍՊ:
    Հաւատացէ՛ք, կեանքում շատ է օգնում այս յատկանիշը 🙂

  2. Գոհունակության գաղտնիքը says:

    Գոհունակության գաղտնիքը

    Մի անգամ ճշմարտություն որոնող մի քանի մարդ գնում են ծեր իմաստունի մոտ և հարցնում.
    – Տե՛ր, ինչպե՞ս ես ապրում, որ մշտապես գոհ ու երջանիկ ես: Մենք էլ մեծ սիրով կուզեինք քեզ պես երջանիկ լինել:
    Իմաստունը մեղմ ժպիտով պատասխանում է.
    – Երբ ես քնում եմ, պարզապես քնում եմ: Երբ արթնանում եմ, պարզապես արթնանում եմ: Երբ գնում եմ, ուղղակի գնում եմ, և երբ ուտում եմ, ուղղակի ուտում եմ:
    Հարցնողները փոքր-ինչ շփոթված նայում են միմյանց: Նրանցից մեկը վիրավորված ասում է.
    – Խնդրում եմ, մի՛ ծաղրիր մեզ: Մենք նույնպես անում ենք այն, ինչ դու թվարկեցիր: Մենք նույնպես քնում ենք, ուտում և գնում: Բայց մենք երջանիկ չենք: Ուրեմն ո՞րն է քո գաղտնիքը:
    Հետևում է նույն պատասխանը.
    – Երբ ես քնում եմ, քնում եմ: Երբ արթնանում եմ, արթնանում եմ: Երբ գնում եմ, գնում եմ, և երբ ուտում եմ, ուտում եմ:
    Հարցնողներն էլ ավելի են շփոթվում։ Ծեր իմաստունը, նկատելով նրանց անհանգստությունն ու դժգոհությունը, փոքր-ինչ լռելուց հետո ավելացնում է.
    – Անշուշտ, դուք նույնպես քնում եք, գնում, ուտում… Բայց երբ քնում եք, արդեն մտածում եք արթնանալու մասին: Եվ արթնանալիս մտածում եք, թե ո՛ւր եք գնալու, և գնալիս ինքներդ ձեզ հարց եք տալիս, թե ի՛նչ եք ուտելու: Մի խոսքով՝ ձեր մտածումները մշտապես այլ տեղ են լինում և ո՛չ այնտեղ, որտեղ որ դուք եք այդ պահին:
    Անցյալի ու ապագայի հատման կետում է իրական կյանքը: Փորձե՛ք մուտք գործել այդ հավիտենական ներկան և իրապես գոհ ու երջանիկ կլինեք:
    (անհայտ հեղինակ)

    • Ruben says:

      «Վաղուան համար հոգ մի ընէք, վասնզի վաղուան օրը
      իրեն համար հոգ պիտի ընէ: (Մատթէոս 6.34)
      Ու՞մ հոտի գառն է այս «Գոհունակության գաղտնիքը»

  3. Լավատես says:

    Իսկական երջանիկները երեխաներն են, նրանցից էլ պետք է սովորել՝ ինքնահաստատվել, մրցակցել, երազել, յուրաքանչյուր պահ ու իրադարձություն դիտարկել որպես մարտահրավեր ու հաջողության ակնկալիքի հաճույքը վայելել ու այս երեխաներից էլ դուրս են գալիս հաջողակ ու երջանիկ մարդիկ, իսկ դժբախտ են նրանք, որոնց դաստիարակել են, որ իրենք փոքր են, անխելք են, աղքատ են, երբ մեծանան, նոր միայն կարելի է ու նման բաներ ու էս երեխեքից էլ մեծանում են անբաններ ու կյանքից դժգոհողներ, չնայած միշտ էլ կարելի է բուժել այդ հիվանդությունը, եթե խելոք շրջապատ լինի։ Հետեւություն՝ ուզում ես երջանիկ լինել՝ ժամանակ առ ժամանակ երեխայի նման քեզ պահիր։

  4. Ես հավատում եմ Աստծուն says:

    Իմանալ, որ աշխարհում կան երևույթներ, որոնք հասու չեն մեզ, որոնք իրականում գոյություն ունեն, որոնք իրենց մեջ կրում են գեղեցիկը և իմաստունը, իմանալ և զգալ դա հոգևորի աղբյուր է: Այդ պատճառով եմ ես պատկանում հոգևորը գնահատողների շարքին… Ես հավատում եմ Աստծուն և կարող եմ ասել, որ իմ կյանքի ոչ մի րոպեն, ոչ մի վայրկյանը ես չեմ եղել աթեիստ:

    Ալբերտ Էյնշտէյն

    • Ruben says:

      (Ղկ 6.29-30)
      39 Իսկ ես ձեզ ասում եմ. «Մի՛ հակառակվիր քեզ չարիք անողին։ Եթե մեկը քո աջ երեսին ապտակ տա, մյուս երեսդ էլ դարձրո՛ւ նրան։ 40Եվ եթե մեկն ուզի քեզ դատի կանչել շապիկդ առնելու համար, բաճկո՛նդ էլ տուր նրան։ 41Եթե մեկը քեզ բռնադատի մեկ մղոն ճանապարհ միասին գնալու՝ իր բեռը տանելու համար, նրա հետ երկու մղո՛ն էլ գնա»…
      (Ղկ 6.27-28, 32-36)
      44 Իսկ ես ձեզ ասում եմ. «Սիրեցե՛ք ձեր թշնամիներին, օրհնեցե՛ք ձեզ անիծողներին, բարությո՛ւն արեք ձեզ ատողներին և աղոթեցե՛ք նրանց համար, ովքեր չարչարում ու հալածում են ձեզ։

      Ու՞մ հոտի գառն է այս «Ես հավատում եմ Աստծուն»

    • Լավատես says:

      Ակնհայտն` անհավատալի

      https://youtu.be/A5cOQEyrYUY

  5. Աստվածաշունչը՝ հոգեկան ջրատար է says:

    Աստվածաշունչը՝ հոգեկան ջրատար է, երբեք չչորացող, որը հագեցնում է հոգեկան քաղցը միլիոնավոր մարդկանց մոտ, ովքեր ապրել են մինչ մեզ, ապրում են ու դեռ դարեր շարունակ պիտի ապրեն: Աստվածաշունչը աշխարհակալ գիրք է, եզակի, որը կարդւոմ են գրեթե բոլոր ազգերը, մոլորակը: Որը անցել է բոլոր սահմանները՝ ազգային, եկեղացական… Աստվածաշնչում մենք տեսնում ենք կատարյալը, իդեալականը:
    Դմիտրի Մենդելեև
    Այդ ինչ տգեղ ու տգետ արտահայտություն է, ,, Ու՞մ հոտի գառն է…: Վիրավորել չի կարելի, մանավադ, որ մարդկանց չեք ճանաչում, հարգելի Ռուբեն: Լուրջ կենցաղային կրթության պակաս կա: Հետո բնագրում թշնամի չէ, այլ հակառակվող, որն ամենևին այլ իմաստ ու տարողություն ունի: Իսկ դուք սիրեք ձեր թշնամուն, Ռուբեն, ձեզ ով է խանգարում:

    • Ruben says:

      «Աստվածաշունչը»՝ Գիրք ազգաբանութեան Յիսուս Քրիստոսի՝ Դաւիդի որդու, Աբրահամի որդու…(Մտ 1:1), հեքիաթ է հրեաների մասին:
      «Ընտրեալների» գառների համար՝ հոգեառ ջրատար: Կամ էլ՝ կոմունիստական կուսակցության մանիֆեստ:
      Ձեր հովվի հետ «Սիրեցե՛ք ձեր թշնամիներին (հակառակվողներին), օրհնեցե՛ք ձեզ անիծողներին, բարությո՛ւն արեք ձեզ ատողներին և աղոթեցե՛ք նրանց համար, ովքեր չարչարում ու հալածում են ձեզ»: Սիրեցե՛ք, օրհնեցե՛ք, աղոթեցե՛ք:
      Հայերի համար սուրբ գիրքը «Ջոջանց տունն» է, «Սասունցի Դավիթը»:

      • Այո, համամիտ եմ, Ռուբեն says:

        Այո, համամիտ եմ, Ռուբեն, հայերիս համար Սուրբ Գիրքը «Ջոջանց տունն» է, «Սասունցի Դավիթը»: Բայց համամարդկային մտավոր ու հոգևոր ձեռքբերումներին ծանոթ լինելը չի հակասում մեր Հայ մշակույթին ճիշտ հակառակը՝ էլ ավելի հարստացնում ու ճոխացնում է այն: Անշուշտ նախ մեր մշակույթն ու ճշմարիտ պատմությունը պիտի խորությամբ ճանաչենք ու գիտենանք:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031