Ի՞նչ անելիքներ կան ՀՀ-Իրան էներգետիկ գործակցության համատեքստում
Իրանական լրատվամիջոցներում եւ փորձագիտական շրջանակներում ակտիվ քննարկվում է օգոստոսի 1-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ իրանական «Շարղ» օրաթերթին տված հարցազրույցը, որում, բացի երկու երկրների գործակցության ձեռքբերումներից, անդրադարձ կա հայ-իրանական հարաբերությունների տնտեսական եւ քաղաքական ոլորտի առաջնահերթություններին: Նախագահը, մասնավորապես, անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ հաջողություն չունեցավ դեպի Եվրոպա Հայաստանի և Վրաստանի տարածքով իրանական գազի տարանցման ծրագիրը, պատասխանել է. «Պետք է բազմակողմանիորեն ուսումնասիրվի այդ ծրագիրը, և եթե այն տնտեսապես շահավետ լինի բոլոր կողմերի համար, ապա՝ ինչո՞ւ ոչ… հարցը ներկա պահին գտնվում է փորձագիտական քննարկումների մակարդակում»:
«Առավոտ»-ն իրանագետ Արտյոմ Տոնոյանից հետաքրքրվեց, թե, ի վերջո, ի՞նչ է շահելու ՀՀ-ն այդ ծրագրից, եւ ի՞նչ խոչընդոտներ կան դրա իրականացման գործում: «Հայկական կողմը ՀՀ տարածքով իրանական գազի՝ դեպի Վրաստան տարանցման համար տվել է իր համաձայնությունը և որևէ խոչընդոտ այդ համատեքստում կողմերի համար չի ստեղծել։ Թե ինչո՞ւ ծրագիրը դեռևս չի իրականացվել և գտնվում է փորձագիտական քննարկումների մակարդակում, իմ կարծիքով՝ դա կարող է կապված լինել զուտ տեխնիկական խնդիրների, մասնավորապես՝ գազատարի հայաստանյան հատվածի թողունակության և տարանցվելիք գազի ծավալներին համապատասխանեցման, Վրաստանից դեպի Եվրոպա տարանցման ուղիների մշակման և դրանից բխող հաշվարկների ու խնդիրների հետ: Կամ, ինչու չէ, գնորդ երկրի որոշակի դիրքորոշումների հետ»,- նկատեց Արտյոմ Տոնոյանը:
Հետաքրքրվեցինք, թե իր դիտարկմամբ՝ դեռեւս ի՞նչ անելիքներ կան ՀՀ-Իրան էներգետիկ գործակցության համատեքստում: Փորձագետը նշեց. «Առհասարակ, հայ-իրանական հարաբերություններում էներգետիկ ոլորտը առաջատար դիրքեր ունի և ամենադինամիկ զարգացող ուղղություններից է, և ինչպես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է նշել՝ ներկա փուլում մեծ կարևորություն ունի Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարությունը: Այն թույլ կտա զգալիորեն մեծացնել «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» փոխշահավետ ծրագրով իրականացվող փոխանակման ծավալները: Նաև, դատելով հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքային խմբի՝ հուլիսին տեղի ունեցած նիստի քննարկումներից, «Մեղրի» ՀԷԿ-ի նախագծի իրականացումը կարող է լինել հայ-իրանական հարաբերությունների էներգետիկ ոլորտի հաջորդ ձեռքբերումներից»:
Արտյոմ Տոնոյանը ՀՀ-Իրան տնտեսական հարաբերությունների զարգացման հարցում կարեւորեց նաեւ ՀՀ-Իրան երկաթուղու կառուցման անհրաժեշտությունը: «Այդ հարցում թերևս միակ խնդիրը, ինչպես բազմիցս նշվել է, անհրաժեշտ ֆինանսների ներգրավման հետ է առնչվում։ Ըստ ենթադրվող հաշվարկների՝ երկաթգծի նախագծի իրականացման համար պահանջվում է մոտ 3.2 միլիարդ դոլար։ Վերջերս շատ է քննարկվում չինական ներդրումների միջոցով դրա կառուցման տարբերակը, բացի այդ, այժմ Հայաստանը դարձել է Մետաքսի ճանապարհի երկրների առևտրի պալատի անդամ, եւ սա ևս կարող է նպաստ բերել նոր ուղիների և միջոցների որոնմամբ երկաթուղու ծրագրի իրականացմանը»,- համոզմունք հայտնեց մեր զրուցակիցը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
02.08.2017