Նրա անունը հայտնի է ոչ միայն հայրենի Մալթայում, այլև երկրի սահմաններից դուրս: Ֆենոմենալ պատանի, ով նվագում է դաշնամուր մեծահասակ երաժշտին բնորոշ լրջությամբ, հանդես գալիս աշխարհի լավագույն բեմերում ու ծնկի բերում անգամ ամենաքմահաճ հանդիսատեսին:
Դասական աշխարհի հայազգի հրաշամանուկ, դաշնակահար Դմիտրի Իշխանովը մեծ ճանապարհ է անցել, ճանապարհ, որի ընթացքում գրանցել է բազում հաջողություններ:
Իշխանովը ծնվել է 2005թ.: 4 տարեկանում սկսել է հետաքրքրություն ցուցաբերել երաժշտության, երգի ու դաշնամուրի նկատմամբ: Մրցանակների է արժանացել Rovere D՚Oro երիտասարդ տաղանդների միջազգային (2-րդ մրցանակ), 22-րդ պատանի դաշնակահարների միջազգային Citta di Barletta (1-ին մրցանակ), Golden Key դաշնակահարների միջազգային (1-ին մրցանակ), 25-րդ Flame պատանի երաժիշտների միջազգային (1-ին մրցանակ) և այլ հեղինակային մրցույթներում: Մասնակցել է նաև բազում փառատոների, իսկ 2016թ. Մալթան ներկայացրել է պատանի երաժիշտների ,Եվրատեսիլե մրցույթում՝ դառնալով եվրատեսիլյան պատմության ամենաերիտասարդ արտիստը, ով հայտնվել է եզրափակչում:
Համերգներով հանդես է եկել Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում, Դանիայում, Շվեյցարիայում, Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում ու այլ երկրներում` արժանանալով հոտնկայս ծափահարությունների:
Դմիտրիի հետ մեծ հաճույքով համագործակցում ու հանդես են գալիս այնպիսի կոլեկտիվներ, ինչպիսիք են WDR Orchestra-ն, Duchi d՚Acquaviva սիմֆոնիկը, ինչպես նաև Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ ու Երիտասարդական նվագախմբերը: Մասնագետները փաստում են՝ բավականին լուրջ և մեծակտավ ստեղծագործություններն արդեն իսկ կայացած դաշնակահարը կատարում է վիրտուոզ մեկնաբանությամբ, վստահ ու սահուն: Նման տաղանդով ու կատարողական տեխնիկայով շատերը չէ, որ կարող են հպարտանալ: Եվ այն զգացողությունը, որ նվագողը 12-ամյա պատանի է, միանգամայն հօդս է ցնդում առաջին իսկ նոտաների հնչյուններից, հենց այն պահից, երբ Դմիտրիի մատները դիպչում են դաշնամուրի ստեղներին:
Վերջերս պատանի վիրտուոզը համերգով հանդես եկավ Երևանում՝ ելույթ ունենալով Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:
Հայաստանյան բեմում պատանի արտիստը կատարեց ռուս հայտնի կոմպոզիտոր Դմիտրի Կաբալևսկու Դաշնամուրի թիվ 3 (Երիտասարդական) կոնցերտը: Կաբալևսկու այս եռամաս երկը, ինչպես և կոմպոզիտորի ստեղծած մյուս երեք կոնցերտները (մյուս երկուսն, ի դեպ, գրված են ջութակի և թավջութակի համար) գրված են հատուկ երիտասարդ կատարողների համար: Այս յուրահատուկ ստեղծագործությունը հնարավորություն է տալիս երիտասարդ արտիստին ցուցադրելու կատարողական բոլոր հնարավորությունները: Կաբալևսկու կոնցերտը դաշնակահարը կատարեց իրեն բնորոշ հասունությամբ ու լրջությամբ՝ վայելելով ստեղծագործության յուրաքանչյուր նոտան ու արժանանալով բարձր ծափահարությունների: Համերգային երեկոն պսակվեց հաջողությամբ: Այս պարագայում ,բիսե-ի պահանջը սպասված էր ու տեղին:
…Նա ամբողջովին վերափոխվում է, երբ հայտնվում է բեմում: Պատանի արտիստի հնչեցրած յուրաքանչյուր նոտայում ի հայտ է գալիս յուրատեսակ զգացմունքայնություն: Զգացմունքայնություն, որը նրա յուրաքանչյուր կատարում դարձնում է անմոռանալի:
Արփի ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
02.08.2017