Լրահոս
Օրվա լրահոսը

Հետընթաց շարժով բարեփոխումներ

Օգոստոս 03,2017 13:30

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանը բազմիցս հանդես է եկել կրթական բարեփոխումներին առնչվող հրապարակախոսություններով: Փորձեցինք հասկանալ պրոֆեսորի կարծիքը վերջին շրջանում հանրապետությունում իրականացվող կրթական քաղաքականության մասին:

 – Պարոն Ճուղուրյան, ինչպե՞ս կգնահատեիք ներկայիս կրթական բարեփոխումների ընթացքը մեր հանրապետությունում:

– Իմ դիտարկումներով՝ բարեփոխումները գրեթե սառեցված են: Ասեմ ավելին, անգամ վերջին շրջանում հետընթաց շարժի ազդակներ են նկատվում:

 – Ի՞նչը նկատի ունեք:

– Չափազանց մտահոգիչ է կրթության ֆինանսավորման կրճատման ՀՀ կառավարության դիրքորոշումը: Ի՞նչ է, տնտեսելու տեղ չկա՞ր, մնացել էր միայն կրթությո՞ւնը: Եթե ուզում են տնտեսել, թող դադարեցնեն օդանավի բիզնես կարգի տոմսերով արտասահմանյան ճոխ գործուղումները: Կրթությունը դարերով հայապահպան գործոն է հանդիսացել` իր մեսրոպատառ գիր ու գրականությամբ: Հիմա էլ պետության ուժեղացման հիմնարար ուժը գիտելիքահեն տնտեսությունն է, ոչ թե «չիր ու չամիչի արտադրությունը»: Եթե հետևենք մեր տարածաշրջանի երկրների կրթական ծախսերի փոփոխման միտումներին (Իրան, Թուրքիա, Վրաստան), ապա ՀՆԱ-ի կազմում տարեցտարի դրանց գծով զգալի աճ է նկատվում: Բարձրագույն կրթության եվրոպական տարածքում գտնվող երկրներում նույնպես կրթական ծախսերի աճ է արձանագրվում: Մենք էլ պետք է քաջ գիտակցենք, որ կրթությունը հայապաշտպան ավելի մեծ ուժ ունի, քան բազմապիսի «Իսկանդեր»-ները:

 – Այդ դեպքում ինչո՞վ է կառավարությունը հիմնավորում կրթական ոլորտի գերածախսերը և դիմում դրանց վերացմանը:

– Եթե կրճատում են, ապա պետք է հիմնավորեն անարդյունավետ ծախսերը, որը մինչև հիմա չի արվում կառավարության կողմից: Անկախության տարիներից ի վեր կրթական քաղաքականության ոլորտի ամենացավոտ բացթողումներից մեկը հենց մասնագիտական կրթության վճարովի համակարգի ներդրումն էր, իսկ հիմա էլ, այսպես կոչված, «էլիտար վճարովի» հանրակրթական օջախների հիմնումը: Որքան էլ երկրի բյուջեն չների, կրթությունը բոլոր աստիճաններում պետք է անվճար լինի և գտնվի պետական հոգածության ներքո: Իսկ հիմա ի՞նչ է ստացվել: Կրթությունը սարքեցին բիզնես, բուհերն էլ` խոշոր հարկատուներ: Եվ փոխանակ պետությունը հոգա մասնագիտական կրթության ֆինանսավորման մասին՝ ինքն է այդ ոլորտից ձգտում դրամական սպասելիքների, որը բացարձակապես ինձ համար անընդունելի է:

 – Իսկ ինչպե՞ս եք տեսնում այս հարցի լուծման ուղին:

– Պետք է «սանիտարական մաքրման» ենթարկվի մասնագիտական կրթական համակարգը: Մեր կրթօջախներում թողարկվում են բազմապիսի մասնագիտություններ, որոնք ընդհանրապես պահանջարկ չունեն կրթական շուկայում: Չափազանց ուռճացված է մասնագիտական կրթության ծառայությունների մատուցման շուկան: Բուհերի թվաքանակը և պահանջարկ չվայելող մասնագիտությունների կրճատումը մեզ կբերի մրցակցային կրթության, ինչի մասին տարիներով խոսում ենք, բայց չենք տեսնում: Իսկ եթե համակարգը օպտիմալացվի, ապա պետական ծախսերն էլ կդառնան արդյունավետ, և ֆինանսավորման կրճատումների չենք գնա:

 – Իսկ ի՞նչ կարծիք ունեք Բոլոնիայի համաձայնագրի ներկայիս գործընթացի մասին:

– Եթե գործընթացը Եվրամիության երկրներում ակտիվ է ընթանում, ապա վերջին տարիներին մեր հանրապետությունում պարզապես այն դոփում է տեղում: Կարծես մեզ հաջողվեց շատ արագ ստանալ գործընթացի արտաքին կաղապարը (բակալավրիատ, մագիստրատուրա, կրեդիտային համակարգ), սակայն այդպես էլ խորքային բարեփոխումներ չիրականացվեցին, և առ այսօր տեղապտույտի մեջ ենք՝ չկայացած մագիստրատուրայով, կաղացող ասպիրանտուրայով և ակադեմիական չփոխանակվող կրեդիտներով:

– Ուրեմն ի՞նչն է խանգարում մեզ առաջ գնալ:

– Առաջին հերթին մասնագիտական կրթության նկատմամբ պետական պատշաճ հոգածության բացակայությունը: Որակյալ կրթական ծառայությունների մատուցումը, ինչպես հարկն է, պետական մակարդակով չի խրախուսվում, իսկ անորակ կրթությունը դեռևս մնում է անպատիժ: Ուրեմն պետությունը ոչ թե թիրախավորելու է կրթական ծախսերի կրճատման գործընթացը, այլ հակառակը` ավելացնելով ֆինանսավորումը, պահանջելու է որակյալ կրթություն, որը մրցունակ է դառնալու միջազգային շուկայում: Դրանով բացվելու են ոչ միայն կրթական ծառայությունների արտահանման լայն հնարավորություններ, այլև ձևավորվելու են պետության կողմից ոլորտի ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներ:

Հարցազրույցը վարեց ԱՆԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

02.08.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031