Կարեւոր ուղերձներ հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության առնչությամբ
Ռուսաստան-Միացյալ Նահանգներ հարաբերություններում ճգնաժամային նոր փուլի պայմաններում Հայաստան-ԱՄՆ, ինչպես նաեւ Հայաստան-ՆԱՏՕ փոխհարաբերություններում վերջին մի քանի շաբաթներին ուշագրավ իրադարձություններ են տեղի ունեցել:
ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ տնտեսական համագործակցության մեծ ներուժ կա՝ վերջերս Կոնգրեսում հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ մարդասիրական օգնության տրամադրման փոխարեն ԱՄՆ-ը ցանկանում է Հայաստանի հետ առեւտրատնտեսական հարաբերություններ զարգացնել՝ հաղորդում էր «Ամերիկայի ձայնը»:
ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ջոն Հեֆերնը, որը հայ-ամերիկյան գործընկերության մասին ամենատեղեկացված մարդկանցից է, 2011-2014-ը Հայաստանում ԱՄՆ դեսպան էր, Կոնգրեսում լսումների ընթացքում պատասխանելով կոնգրեսական Բրեդ Շերմանի հարցին՝ նշել է, որ հայ-ամերիկյան տնտեսական հարաբերություններն ունեն կարեւորագույն ներուժ. «Մենք ցանկանում ենք օգնության տրամադրման վրա հիմնված մեր երկկողմ հարաբերությունները զարգացնել՝ հասնելով առեւտրային համագործակցության վրա հիմնված հարաբերությունների»:
Պետքարտուղարության ներկայացուցիչը հավելել է, որ 2015թ. մայիսին կնքված հայ-ամերիկյան Առեւտրի եւ ներդրումների պայմանագիրն արդեն իսկ նպաստում է երկու պետությունների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը: ԱՄՆ-ում առավել հեռանկարային են համարում Հայաստանի հետ տնտեսական համագործակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների եւ էներգետիկ ոլորտներում՝ կոնգրեսականներին ասել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչ Մարգոթ Էլիսը. «Դրանք այն ոլորտներն են, որոնք կարող են ոչ միայն զարգացնել եվրաատլանտյան ինտեգրումը, այլ նաեւ հնարավորություն են ընձեռում ամերիկյան ընկերություններին ներգրավվել եւ զարգացնել Հայաստանի հետ գործընկերությունը»:
Հայ-ամերիկյան տնտեսական գործընկերության զարգացման համար կարեւոր դեր ունի նաեւ երկու պետությունների միջեւ կրկնակի հարկումից խուսափելու պայմանագրի մշակումն ու ստորագրումը՝ համոզված է կոնգրեսական Բրեդ Շերմանը: Կոնգրեսականը կոչ է արել պետքարտուղարության ներկայացուցիչներին հորդորել ԱՄՆ ֆինանսների նախարարությանը առաջնահերթության կարգով մշակել Հայաստանի հետ հարկային պայմանագիրը. «Հայաստանի կառավարությունն իր կողմից պաշտոնապես հայտարարել է, որ պատրաստ է սկսել պայմանագրի մշակումը ամերիկյան նմուշի հիման վրա»: «Ինչ վերաբերում է երկկողմ հարկային պայմանագրին, ֆինանսների նախարարությունն առաջնահերթությունը տալիս է մեկ չափանիշի հիման վրա՝ արդյոք ամերիկյան ընկերություններն օգուտ կստանա՞ն այդ պայմանագրից»,- նշել է Ջոն Հեֆերնը: «Հավաստիացնում եմ ձեզ, որ նրանք նաեւ հաշվի են առնում պետքարտուղարության կարծիքը, թե որքանով է դա համապատասխանում մեր ազգային շահերին, եւ ես հույս ունեմ լսել դա ձեզնից: Սակայն տեղյակ եմ նաեւ, որ լսելու եմ դա նաեւ ամերիկյան մի շարք խոշոր ընկերություններից»:
2002-ից ՀՀ-ին տրամադրվել է 50 միլիոն դոլարի ռազմական աջակցություն, իսկ ԼՂ-ին` 45 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն
Ի դեպ, կոնգրեսական Շերմանն անդրադարձել է նաեւ ԱՄՆ-ի կողմից Լեռնային Ղարաբաղին հատկացվող օգնությանը. «Եկեք խոսենք ականազերծման ծրագրերի եւ Արցախի, որը նախկինում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն էր անվանվում, աջակցության ծրագրերի մասին»: Պետքարտուղարության ներկայացուցիչը նշել է, որ անցած տարիների ընթացքում ԱՄՆ-ը Լեռնային Ղարաբաղին, ԼՂ ժողովրդին տրամադրել է 45 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն:
Հուլիսի վերջին Հայաստանում էին գտնվում Կանզասի ազգային գվարդիայի մի խումբ ներկայացուցիչներ, նրանց էին միացել Մեծ Բրիտանիայի Զինված ուժերի ռազմաբժշկական կորպուսի եւ Բրիտանական բանակի 6-րդ հրաձգային գումարտակի ներկայացուցիչները: «Հայաստանի հետ ռազմական համագործակցության ծրագրերը հաջողված են եւ շարունակական կլինեն»,- Ախուրյանում լրագրողների հետ հանդիպմանը նշել է ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի գեներալ-ադյուտանտ, գեներալ-մայոր Լի Թաֆանելին:
«Մենք բավականաչափ ծավալուն կերպով համագործակցում ենք ռազմական ոլորտում եւ այդ համագործակցությունն իրականացնում ենք Հայաստանի պաշտպանության նախարարության հետ»,- ասել է ամերիկացի գեներալը՝ հավելելով. «Հայաստանի պաշտպանության նախարարության հետ մենք համագործակցում ենք նահանգային ծրագրի շրջանակներում: Տարեկան 10-15 միջոցառում ենք իրականացնում տարբեր ոլորտներում, որոնք շարունակական են ու բավականին հաջողված: Ծրագրում ենք նույն որակով շարունակել»: Գեներալը հանդիպել էր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ամերիկյան կողմը պատրաստակամություն է հայտնել սերժանտական համակարգի ուսուցման, ռազմական բժշկության եւ միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցող հայկական ստորաբաժանումների գնահատման ուղղությամբ համագործակցությունը շարունակել երկարատեւ ծրագրերի ձեւաչափով:
Հայտնի է, որ 2002-ից ի վեր Միացյալ Նահանգները գրեթե 50 միլիոն դոլարի ռազմական աջակցություն է տրամադրել Հայաստանին:
Մեկ ամսվա ընթացքում ՆԱՏՕ-ի երկու զորավարժություն՝ ՀՀ մասնակցությամբ
Վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանը մասնակցել է ՆԱՏՕ-ի խոշորագույն երկու զորավարժություններին: Ռումինիայում հուլիսի 11-20-ը տեղի ունեցան ՆԱՏՕ-ի՝ Saber Guardian 2017 երկրի պատմության մեջ խոշորագույն զորավարժությունները, որոնց մասնակցեցին մոտավորապես 25 հազար զինվորականներ 23 երկրներից: Դրանք ղեկավարում էր ԱՄՆ Ցամաքային ուժերի Եվրոպական հրամանատարությունը (USAREUR):
Հայաստանը մասնակցեց ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրների զինծառայողների վարժանքներին, որոնք կայացան Ռումինիայի Չինկու զորավարժարանում: Վարժանքներին հետեւում էին Ռումինիայի նախագահ Կլաուս Իոանիսը եւ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, գեներալ Պետր Պավելը:
Իսկ հուլիսի 31-ից Վրաստանում մեկնարկել է ՆԱՏՕ-ի` Noble Partner 2017 զորավարժությունը: Նման զորավարժություններ Վրաստանում անցկացվում են երրորդ անգամ, որին առաջին անգամ մասնակցում է նաեւ Հայաստանը: Noble Partner 2017 զորավարժությունները շարունակվելու են մինչեւ օգոստոսի 12-ը:
Նախորդների համեմատ այս տարվա զորավարժությունները ամենախոշորն են: Noble Partner 2017 զորավարժություններում ներգրավված են շուրջ 2800 զինծառայողներ, 500 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ ամերիկյան եւ գերմանական տանկեր, զրահամեքենաներ, ինքնաթիռներ: Noble Partner 2017 զորավարժությանը մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ հինգ երկիր՝ ԱՄՆ-ը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Սլովենիան եւ Թուրքիան, ինչպես նաեւ գործընկեր երեք պետություններ՝ Վրաստանը, Ուկրաինան եւ Հայաստանը: Հայաստանից զորավարժություններին մասնակցում է 40 զինվորական։
Ուշագրավ է, որ Ադրբեջանը չի մասնակցում զորավարժություններին: Մինչդեռ դեռեւս երեք ամիս առաջ հրապարակված տեղեկությունների համաձայն` Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակից երկրների ցանկում նշված էր նաեւ Ադրբեջանը:
Ըստ Վրաստանի ՊՆ-ի` զորավարժությունների նպատակն է ամրապնդել ՆԱՏՕ-ի եւ գործընկեր երկրների համագործակցությունը, խորացնել տարածաշրջանային եւ բազմազգ գործընկերությունը, ինչպես նաեւ ուժեղացնել Վրաստանի պաշտպանունակությունը: Noble Partner զորավարժությունները, ինչպես հայտնի է, Վրաստանում անցկացվում են երրորդ անգամ: Առաջին անգամ՝ 2015-ին, դրան մասնակցում էին Վրաստանի եւ ԱՄՆ զինծառայողները, 2016-ին զորավարժություններին միացել էր Մեծ Բրիտանիան, օգտագործվել էին ամերիկյան սպառազինություններ՝ տանկեր ու հետեւակային զրահամեքենաներ:
Հարկ է նշել, որ պաշտոնական Մոսկվան բավական կոշտ քննադատեց անցյալ տարվա զորավարժությունները: 2016-ի զորավարժությունների նախաշեմին Ռուսաստանի ԱԳՆ-ն դրանք գնահատեց որպես Հարավային Կովկասում իրադրության ապակայունացմանն ուղղված սադրանք:
Վրաստանը` ԱՄՆ-ի ռազմավարական գործընկեր
Noble Partner 2017 զորավարժությունների բացման արարողությունը տեղի է ունեցել հուլիսի 30-ին՝ Թբիլիսիից ոչ հեռու գտնվող Վազիանիի ռազմական օդանավակայանում: Բացմանը ներկա էին Վրաստանի ղեկավարները՝ վարչապետը, նախագահը, խորհրդարանի նախագահը, պաշտպանության նախարարը: Բացման արարողությանը մասնակցել եւ ելույթ է ունեցել Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելլին: Նա նշել է, որ զորավարժությունները ուղղված չեն որեւէ կողմի դեմ, այլ նպատակ են հետապնդում օգնելու Վրաստանին՝ բարձրացնելու սեփական բանակի մարտական պատրաստվածությունը, որի ստորաբաժանումները մասնակցում են միջազգային գործողություններին, այդ թվում՝ նաեւ Աֆղանստանում: «Այնպես որ, այս զորավարժությունները որեւէ երկրի դեմ ագրեսիվ ազդանշան չեն»,- ասել է Վրաստանում ԱՄՆ դեսպանը:
Noble Partner 2017 զորավարժությունների ամենահատկանշական իրադարձությունը, սակայն, այն է, որ դրանք ընթանում են ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի վրաստանյան այցի պայմաններում: Փենսը Վրաստան է ժամանել Էստոնիայից, որտեղ վերահաստատեց ԱՄՆ համերաշխությունը Բալթյան երեք երկրների հետ: Տալլինում ԱՄՆ փոխնախագահը քննադատեց Ռուսաստանին՝ նշելով, որ «Կրեմլը փորձում է փոխել միջազգային սահմանները եւ խարխլել դեմոկրատական պետությունների հիմքերը»:
ԱՄՆ փոխնախագահը Թբիլիսիում արդեն վստահեցրել է, որ իր երկիրը սատարում է Վրաստանին: «Նախագահ Դոնալդ Թրամփն ինձ խնդրել է փոխանցել բարեմաղթանքներն ու ասել, որ մենք ձեզ հետ ենք: Մենք Վրաստանը համարում ենք առանցքային ռազմավարական գործընկեր, աջակցում ենք ձեր տարածքային ամբողջականությանը եւ սատարում ենք ՆԱՏՕ-ին անդամակցելու ձեր ջանքերին»,- ասել է Փենսը Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպման ընթացքում: Թբիլիսիում հանդիսավոր ընթրիքի ընթացքում վարչապետ Կվիրիկաշվիլին ասել է, թե «հանձինս Վրաստանի՝ Միացյալ Նահանգներն ունի հավատարիմ բարեկամ, աշխարհաքաղաքական դաշնակից եւ ռազմավարական գործընկեր»:
Noble Partner 2017 զորավարժությունները Հարավային Կովկասում կայունության կարեւորագույն գործոն են, դրանց լրացուցիչ փայլ է հաղորդում ԱՄՆ փոխնախագահի այցը: Այն վստահաբար լուրջ ազդանշան է նախեւառաջ Ռուսաստանին՝ առ այն, որ ԱՄՆ-ը, այնուամենայնիվ, որոշակի շահեր ունի մեր տարածաշրջանում: Այս զորավարժություններին ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին անդամակցող Հայաստանի մասնակցությունն էլ իր հերթին անվտանգության դիվերսիֆիկացման ուղղությամբ բավական լուրջ քայլ է:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Ամփոփումը` օգոստոսի 3-ի համարում:
«Առավոտ» օրաթերթ, 02.08.2017
Շնորհավորում եմ, Էմմա. դու և ՍՍ-ն համակարծիք եք ՀՀ անվտանգության ապահովման առումով. ՃՃՃ
Շնորհակալություն, Վախթանգ, դու շատ նրբանկատ ես: :)))
Մեկ մեկ…